Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց «բռնում է» իր նախորդի ճամփան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Կառավարության նիստի ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հղում կատարելով ինչ-որ միջնաժամկետ ծրագրից՝ ասել է, թե 2015 թվականի համար նախատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ: Բայց միեւնույն ժամանակ վարչապետն ասել է. «Ես համոզված եմ, որ լինելու է առնվազն 2-3 տոկոս տնտեսական աճ»: Այսինքն՝ պաշտոնական բոլոր կանխատեսումներով, այդ թվում Հովիկ Աբրահամյանի անձնական համոզմունքով եւս, այս տարվա տնտեսական աճը «2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 4,1 տոկոսից ցածր է լինելու: Սակայն առավել ուշագրավ են վարչապետի հետեւյալ խոսքերը.

«Նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, այն, որ տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե Կառավարությունը կձախողվի եւ տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու»: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց «բռնում է» իր նախորդի` Տիգրան Սարգսյանի ճամփան: 2008-ի աշնան վերջին, երբ ողջ աշխարհին համակել էր միջազգային տնտեսական ճգնաժամը, բոլորը նախազգուշացումներին, որ այն շուտով նաեւ Հայաստան կհասնի, Տիգրան Սարգսյանը պատասխանում էր «մուննաթով», թե տնտեսական ճգնաժամի մասին չպետք է խոսել, որպեսզի այն Հայաստանը շրջանցի: Արդյունքը եղավ այն, որ 2009-ին Հայաստանն աշխարհում ամենամեծ տնտեսական անկումն արձանագրեց` ավելի քան 14 տոկոս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս