Գործարար կապերի ընդլայնում Երևանի և Մոսկվայի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև արտադրությամբ, մատակարարմամբ ու արտահանմամբ զբաղվող տեղական ու մոսկովյան մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցության ծրագիրը բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցության հնարավորություն է ընձեռում:

«Երևանն այսօր առանձնահատուկ կարևորում է նաև Մոսկվայի գործարար շրջանակների հետ համագործակցության խորացումը, երկու քաղաքների գործարարների միջև նոր կապերի հաստատման ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այս տեսանկյունից Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ևս արդյունավետ գործակցության նոր հեռանկարներ կստեղծի: Վստահ եմ, որ նման հանդիպումների անցկացումն էլ իր հերթին կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն, ու արդեն առաջիկայում հստակ արդյունքներ կարձանագրվեն»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Երևանի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու վստահություն հայտնել, որ երևանյան այցը հանդիպման մասնակից կողմերի միջև կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխշահավետ ծրագրեր կյանքի կոչելու հիմք կդառնա:

Հանդիպման ավարտին մի շարք ընկերություններ, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ստորագրել են համագործակցության հուշագրեր:

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում մտքեր են փոխանակել երկու քաղաքների համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքների ակտիվացման հետ կապված: Գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարները` կողմերը կարևորել են նաև փոխայցերի կազմակերպումը, ինչն իր հերթին կնպաստի փոխգործակցության ակտիվացմանը:




Լրահոս