ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ նորընտիր ավագանու 6-րդ գումարման առաջին նիստը: Մինչ նիստի սկսվելը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ծնունդով գյումրեցի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը, այնուհետ երդվեցին, ու սկսվեց նիստը՝ բուռն քննարկումներով:
Նիստի հենց սկզբում քննարկվեց օրակարգում ընդգրկված ընդհանուր ֆինանսատնտեսական աուդիտի անցկացումը օրակարգից հանելու հարցը: Ավագանու 21 անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը խնդրեց ներկայացնել հարցն օրակարգից հանելու պատճառը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ նշեց, որ այս պահին հարցը հանվում է օրակարգից, որովհետեւ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը երկու հանձնարարականով գտնվում է քաղաքապետարանում եւ տարբեր ուղղություններով ստուգումներ է իրականացնում. «Մեկը քաղաքացու դիմումի հիման վրա է, որի հետ կապված՝ քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ, մյուսը՝ պլանային ստուգումների»:
Երկու կառույցներից յուրաքանչյուրին ստուգումների համար տրված է 15 օր: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը քաղաքապետարանում է արդեն 5 օր, իսկ լիազոր մարմինը՝ մեկ շաբաթ: Բացի այդ, ներկայում, ըստ ՏԻՄ օրենքի, իրականացվում է գույքագրում:
«Նաեւ խնդիր է այն, որ քաղաքապետարանում տեղ չկա, եթե անկախ աուդիտորական կազմակերպություն հրավիրենք, ապա անգամ տեղ չունեն նստելու: Այնուհետ լրամշակման խնդիր եւս կլինի, քանի որ ստուգման արդյունքում մենք կունենանք ֆինանսների նախարարության համապատասխան եզրակացությունը»,-ասաց Բալասանյանն ու հավելեց, որ եթե պետք է փող ծախսեն աուդիտ անցկացնելու համար, ապա աուդիտ կհրավիրվի այն խնդիրների շուրջ, որոնք բաց կմնան:
Ֆինանսատնտեսական աուդիտ անցկացնելու հարցն օրակարգից հանելը դրվեց քվեարկության: Ավագանու 21 անդամներից միայն Լ. Բարսեղյանը դեմ քվեարկեց, եւ հարցը հանվեց: Դրա փոխարեն 3 լրացուցիչ հարց ընդգրկվեց օրակարգ: Նորընտիր ավագանին քննարկեց քաղաքապետարանի աշխատակազմի թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնյայի դրույքաչափի հաստատման, «Գյումրու քաղաքապետարանի հիմնադրամ» ստեղծելու, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու եւ այլ հարցեր: Քննարկվող ամենահետաքրքրական հարցերից մեկն էլ կապված էր հայտնի «Չայկա»-ի հետ: Օգոստոսին նախկին ավագանու որոշմամբ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Գազ 13 «Չայկա» մակնիշի մեքենան օտարվել էր 100 000 դրամով, իսկ դրա գնահատումն իրականացվել էր «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից: Սակայն նոր փորձագիտական գնահատում է կատարվել, ու պարզ է դարձել, որ այն արժե 4 մլն 500 հազ. դրամ: Որոշում է կայացվել բեկանել եղածը, եւ «Չայկա»-ն վերադարձնել համայնքի հաշվեկշիռ, ինչին կողմ քվեարկեց ավագանու անդամների մեծ մասը:
««Չայկա»-ն տարել էին, մասերը հանել, որ փչեն եւ այլն, եւ այլն: Հիմա, ճիշտն ասած, հանված մեքենայի մասերը ոնց որ չկան: Մենք պետք է հետեւողական լինենք: Պատմություն ունեցող «Չայկա» է, բայց գլխներիս դառավ չգիտեմ ինչ»,-ասաց Ս. Բալասանյանը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս