Մինչ գյուղնախարարը ծրագրեր է մշակում Ջերմուկի մոծակների դեմ պայքարելու համար, մոծակները շատացել և ագրեսիվացել են մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի մայրաքաղաք Երեւանում սովորականից ավելի են շատացել մոծակներն ու մլակները: «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում այն մասին, որ այս տարվա մոծակները տարբերվում են նախորդներից: Քաղաքացիների պատմելով՝ դրանց խայթոցների արդյունքում մարմնի հատվածներն անսովոր կերպով ուռչում եւ կարմրում են: Շատերի պնդմամբ՝ փողոցում քայլելիս մոծակներն ու մլակները կարող են մտնել մարդու քթանցքը, ականջը, աչքը, բերանը: Ըստ մասնագետների՝ այս ամենի պատճառն այն է, որ Երեւանում կանաչ տարածքների կրճատման հետեւանքով սկսել է նվազել նաեւ մլակներ ուտող թռչունների թիվը:

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծրագրեր է մշակում՝ Ջերմուկի մոծակների դեմ պայքարելու համար, այս ընթացքում մոծակները շատացել եւ ագրեսիվացել են մայրաքաղաքում: Այս հարցով մտահոգված են նաեւ բուսաբաններն ու բնապահպանները: Օրինակ՝ «Սիվիլ վոյս» կազմակերպության բնապահպան Սիլվա Ադամյանի համոզմամբ՝ Երեւանը անապատացման ճանապարհին է, ինչի պատճառով էլ թռչունները հեռանում են մայրաքաղաքից: Ընդ որում, առավելապես հեռանում են այն թռչունները, որոնք սնվում են հենց այդ մոծակներով ու մլակներով:

«Երեւանում գնալով պակասում են թռչունների բնադրման վայրերը, ինչն էլ թռչունների թվաքանակի նվազման պատճառ է դառնում: Հենց այս պատճառով է, որ Երեւանում շատացել են թռչող միջատները, այդ թվում՝ մոծակները, որոնցով սնվում են թռչունները: Մենք կորցնում ենք մեր կանաչ տարածքները, ինչը նաեւ պաշտպանիչ նշանակություն ունի: Գնում ենք դեպի անապատացում; Մինչդեռ արտերկրում այնպիսի բնապահպանական նախագծեր են կազմվում, որոնք հնարավորություն են տալիս թռչունների բնադրմանը»,- ներկայացրեց Ս. Ադամյանը:

Մասնագետի խոսքերով՝ երկրագնդի վրա լուրջ կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում, եւ դրա հետ միասին փոխվում են նաեւ լանդշաֆտները, կենսաբազմազանության կազմը: «Այսինքն՝ Հայաստանում հնարավոր է, որ լինի մոծակի մի տեսակ, որը երբեւիցե չի եղել, եւ այդ կլիմայական փոփոխությունների հետեւանքով մի տեսակի մոծակին փոխարինի մեկ այլ տեսակ: Քանի որ փոխվող բնակլիմայական պայմանները մեկ այլ տեսակի համար դառնում են ավելի լավը: Իսկ Երեւանը կիսաանապատային զոնա է, եւ տարիներ առաջ խորհրդային միությունը անապատացման խնդիրներից խուսափելու նպատակով փորձել է այգիներ ստեղծել եւ կանաչապատել քաղաքը: Մինչդեռ խորհրդային տարիներից հետո այդ խնդիրները չեն դրվել գիտական մակարդակի վրա: Այսինքն՝ այն բուսաբանները, բնապահպաններն ու ճարտարապետները, որոնք լուրջ մոտեցումներ են ունեցել քաղաքի լանդշաֆտի հետ կապված, այսօր իրենց տեսակետն անտեսվել է»,- բացատրեց բնապահպանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունն ունի միայն մեկ նպատակ՝ ստեղծել «բիզնես քաղաք»: Բնապահպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց նաեւ մայրաքաղաքում ավելացած ագռավներից. «Դրանց պատճառով շենքերի մոտ կանգնել չի լինում: Մոծակների առկայությունը կապված է աղբավայրերի հետ: Բացի այս՝ Երեւանը չունի ջրային տարածքներ»:

«Սիվիլ վոյս»-ի բնապահպանն անընդունելի է համարում նաեւ Կառավարության այն որոշումը, որով 15 մլն դրամ է ԳՆ-ին հատկացվել՝ Ջերմուկի մոծակների դեմ պայքարի նպատակով: «Ցանկություն չկա ուղղակի լուրջ ուսումնասիրություն կատարելու եւ վերջնական հասկանալու, թե ինչն է իրականում խնդիրը: Հայտնի էլ չէ, թե այդ գումարները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ: Ես տեղյակ եմ, որ այնտեղ գյուղատնտեսական հողատարածքներում կան ինչ-որ ճահճացած տարածքներ: Եւ փոխանակ գյուղատնտեսության նախարարությունն այդ տարածքները չորացնելով զբաղվի, հակառակ գործողությունն է անում. 15 մլն դրամ է տրամադրում մոծակների դեմ պայքարին: Թող գնան Արարատի մարզի Արմաշի լճերը ու տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում»,- վրդովված նկատեց տիկին Ադամյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս