Դեռեւս նոյեմբերի 6-ին Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, որ հաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Ըստ նրա՝ վարչական լծակները, իրազեկումը, բացատրական աշխատանքները բավարար չեն հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար: «Անցում ենք կատարում ավելի խիստ, զգայուն միջոցների, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը»,-զգուշացրել էր Ալավերդյանը` հավելելով, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ նպատակ է հետապնդում Ա. Ալավերդյանի հայտարարությունը, եւ արդյոք քրեական պատասխանատվության ենթարկելով` հնարավոր կլինի հարկատուին ստիպել բարեխիղճ լինել: «Նախ ասեմ, որ եթե քրեական պատասխանատվության ենթարկեն, ապա ՀՀ քրեական օրենսգրքում պետք է համապատասխան հոդված լինի: Հիմա, իմ կարծիքով, եթե խախտումը հայտնաբերվել է, եւ պետության պատճառված վնասը, չվճարված հարկը վերականգնվել է, քրեական պատասխանատվության ենթարկելն ավելորդ է, որովհետեւ մեր նպատակը հարկը գանձելն է»,-նշեց մեր զրուցակիցը:
«Եթե հարկատուն չարամիտ է, եւ հնարավոր չէ նրան բացահայտել կամ համոզել, ստիպել, որ վճարի, եւ չարամտությունն իսկապես դառնում է հանցագործության աստիճան (օրինակ՝ այնպես են խճճում իրենց պարտավորությունները), ապա միայն քրեական քննության շրջանակներում կարող են որոշել` պատժել, թե ոչ: Ես, օրինակ, հակված եմ ավելի շատ նյութական պատասխանատվության, որով պատճառված վնասը կվերականգնվի, իսկ բացառիկ դեպքերում կարող են գործ հարուցել, քննել եւ բացահայտել, բայց ոչ զանգվածային»,-հավելեց Ղազարյանը:
Զրուցեցինք նաեւ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կերպ պետք է ՊԵԿ-ը հարկատուներին «ստիպի» հարկերը վճարել, իսկ չվճարելու դեպքում էլ ենթարկի քրեական պատասխանատվության: «Հարկերի վճարումը պարտավորություն է ցանկացած պետության մեջ, պետության կազմավորման կարեւորագույն աղբյուրն է, հետեւաբար պարտավորություն է, որը պետք է կատարել: Իրենց կատարած քայլը ես չեմ կարող գովելի կամ նզովելի համարել, ուղղակի ես կոչ եմ անում պարտավորությունները ժամանակին կատարել: Իսկ մնացածը թող իրենց խղճին մնա, թե իրենք ինչ մեթոդներով են ցանկանում դա իրականացնել»,-նշեց տիկին Թադեւոսյանը:
Նա նկատեց, որ եթե ՊԵԿ-ը տնտեսական դաշտից դուրս է գալիս եւ գնում է դեպի քաղաքական դաշտ` փորձելով օրենքի ուժով մարդկանց պարտադրել հարկեր վճարել, ապա այդ դեպքում ինքն այդ երեւույթը չի կարող բացատրել. «Նման հաթաթաների կարիք չի զգացվի այն դեպքում, երբ հարկատուն ինքը, բարեխիղճ գտնվելով, վճարի հարկերը: Ես չգիտեմ, թե Արմեն Ալավերդյանն ինչ կոնտեքստով է նման հայտարարություն արել, ուղղակի, այսպես ասած, դա այլեւս աշխատել չկարողանալու մի դրսեւորում է: Բայց որեւէ մեկը հարկերից խուսափել չի կարող, եթե հիշում եք` մեր հայրենակից Շառլ Ազնավուրին Ֆրանսիայից վտարեցին նրա համար, որ նա երկար ժամանակ Շվեյցարիայում էր բնակվում եւ խուսափել էր հարկեր վճարելուց, Սոֆի Լորենին եւս այդպիսի սանկցիաների ենթարկեցին»:
Ի դեպ, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նոյեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Տնտեսվարողները, որոնք հարկային պարտավորությունները չեն կատարում, հենց այսօր էլ ենթարկվում են ճնշումների: Մենք ունենք բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք անցած տարվա նկատմամբ ոչ թե աճ են ապահովել, այլ շրջանառությունների նվազում, նաեւ` խախտումների հետեւանքով: Հարյուրհազարավոր են նրանք, որոնք ունեն նաեւ խախտումներ: Եւ երբ մենք մեր աշխատանքի հիմնական թիրախը ասում ենք ռիսկային, նկատի ունենք նաեւ այն կազմակերպությունները, որոնք աճ չեն ապահովում: Հսկողության հետեւանքով խախտումներ շատ են արձանագրվում»:
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ