ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆ
Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը երեկ հայտարարել է, որ ընդհանրապես համաձայն չեն դատավճռի հետ եւ, հետեւաբար, պայքարելու են մինչեւ վերջ: Իսկ Կ. Արայանի մայրը` Մարինա Արայանը, ընդգծել է, որ առաջնահերթ պետք է քննվեր համակարգիչը: «Կարենի համակարգիչը զննվել է, եւ ոչ մի պոռնոնկար չի գտնվել: Իսկ Անժելայի համակարգիչը, չգիտեմ թե ինչու, չի զննվել: Այնինչ ունենք կիբեռհանցագործության բաժին: Սա բառիս բուն իմաստով կապիկություն էր: Իսկ այսօր ինչ-որ մեկը հանգիստ քնած է, որովհետեւ նրա հետույքը ծածկվեց: Ես ասել եմ, որ սրա հետեւում չինովնիկ է կանգնած»,-կարծիք է հայտնել Արայանի մայրը` նշելով, որ այդ նկարներում գուցե այդ չինովնիկն է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոգեւոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:
ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ
ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որը վերնագրել է այսպես. «Տեսակետ՝ հիմար վիճակում հայտնված Առաջին նախագահի մասին»: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Չենք հասցնում մեկը մարսել, իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը մեկը մյուսի ետեւից դիրքեր է զիջում՝ հանուն ԲՀԿ-ի «մաքրման», ինչը երեկ ջերմ աջակցության արժանացավ նաեւ պառլամենտական մեծամասնության կողմից»:
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռիմա Դեմիրճյանը գրել է ամուսնու` հասարակական, քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված գիրք` «Հիշատակ» վերնագրով: Երեկ գրքի շնորհանդեսն էր: Կ. Դեմիրճյանի այրին օգտվել է օբյեկտիվ նյութերից, մեջբերումներ է արել ամուսնու խոսքերից՝ ցանկանալով ապահովել նրա կենդանի ներկայությունը: «Էմոցիաներս դրել եմ մի կողմ, որպեսզի մարդիկ հավատան իմ գրքին: Քաղաքական գործչին չի կարելի անջատել պատմական ժամանակից, մթնոլորտից եւ աշխատակիցներից»,-իր կատարած աշխատանքը գնահատել է տիկին Ռիման:
ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ
«Առավոտ»-ը երեկ նկատել է, որ երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին «Հայկական ժամանակ»-ի լրագրողը հարց է ուղղել` մարտի 1-ի դեպքերի, մասնավորապես դրանցում Գագիկ Ծառուկյանի մասնակցության հետ կապված, դա դուր չի եկել Լ. Զուրաբյանին, եւ ավելի շատ դուր չի եկել, որ նման հարց է տվել «ՀԺ»-ի լրագրողը: Նա արձագանքել է. «Կներեք, Դուք հիմա ե՛ւ ինձ, ե՛ւ Ձեզ փորձում եք դնել իրավապահ մարմինների, քննիչների վիճակում»:
ԷԼԻ ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ եւ կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: