Ինձ համար զարմանալի էր, որ Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին, ասաց, որ այդ ժամանակ տեղում չի եղել, սակայն տեղեկություն ստանալուց հետո գնացել է ոստիկանության Կենտրոն, Արաբկիր բաժանմունքներ ՝ հանդիպելու բերման ենթարկվածների հետ:

«Ոստիկանության Կենտրոն բաժանմունքում հանդիպեցինք բերման ենթարկվածների հետ: Մի տղա քննիչների ներկայությամբ ասաց, որ իրեն բերման ենթարկելիս հարվածել են, սակայն որևէ արձագանք չի եղել այդ պահին, արձանագրություն չի կազմվել»,- նշեց նա, հավելելով՝ «Այնտեղ 12 մարդու ցուցակ է մեզ ներկայացվել, ասվել է, որ 3-ը անչափահասներ են եղել և շատ արագ բաց են թողնվել, իսկ մնացածը գտնվում էին քրեական բաժանմունքում»:

Սաֆարյանի խոսքով, Արաբկիրի բաժանմունքում էլ մոտ 50 տարեկան մարդ պնդել է, որ իրեն բերման ենթարկելու պահին հրմշտոց է եղել և թևի վերևի մասում կա սալջարդ:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանին` Սաֆարյանը նշեց՝ ոչ Կենտրոնի, ոչ Արաբկիրի բաժանմունքներում չի տեսել վերջինիս. «Մեզ ասացին, որ նրա ինքնազգացողությունը ոստիկանության բաժանմունք բերելու պահին վատացել է և իր ցանկությամբ շտապօգնության մեքենա է կանչվել և տեղափոխել են հիվանդանոց»:

Այնուհետև նա նշեց, թե Սանասարյանին հանդիպել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: «Բժիշկները ասեցին մտահոգիչ խնդիր չկա հետևաբար հիվանդանոցում պահելու անհրաժեշտություն ևս չկա»- հավելեց վերլուծաբանը:

Վերջում էլ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հացադուլ հայտարարելուն, Սաֆարյանը նշեց՝ դեմ է այդ որոշմանը. «Ես կողմնակից չեմ հացադուլին, շատ սիրելով Դավիթին, այնուամենայնիվ կողմ չեմ : Եվ ինձ համար զարմանալի էր, որ երեկ նա նման որոշում կայացրեց»:

Արփինե Թովմասյան




Լրահոս