ՈՎ ԿՍՏԱՆՁՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱ ԷԼ ԿՀԱՎԱԿՆԻ ԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե ով է լինելու սահմանադրական փոփոխությունների կազմակերպչական շտաբի պետը: Այս հարցի կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանով է հիմնականում պայմանավորված լինելու ներիշխանական հետագա բոլոր վերադասավորումները: Այլ կերպ ասած՝ իշխանությունների այն թեւը, որը հանձն կառնի սահմանադրական փոփոխությունները եւ այն կիրագործի, հետագայում հենց այդ թիմն էլ կդառնա հիմնական դերակատարը, իսկ ձախողվելու դեպքում էլ ստիպված կլինի ետ քաշվել եւ բավարարվել այն փշրանքներով, որոնք իրեն կտրվեն:

Երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումները պատվով կազմակերպվեցին ու ավարտվեցին, իշխանական շրջանակներում անմիջապես սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կարող է ՀՀ արտգործնախարար նշանակվել կամ անգամ վարչապետ: Բանն այն է, որ հենց Վիգեն Սարգսյանն էր այդ միջոցառումների գլխավոր համակարգողը, եւ բոլորին հայտնի էր, որ Սերժ Սարգսյանը նրա աշխատանքից շատ գոհ է մնացել: Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարար կամ վարչապետ նշանակելու լուրերը ներկա իրավիճակում ֆանտաստիկայի ժանրից են, սակայն դրանց չի կարելի ամբողջությամբ արհամարհել, քանի որ այդ ամենի ներքո թաքնված են այն խորքային զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են ներիշխանական շրջանակներում:
Իրականությունն այսպիսին է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները փաստացի կազմակերպել եւ ողջ գործընթացի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իշխանությունների, այսպես կոչված, երիտթեւը (տվյալ դեպքում խոսքն իշխանությունների կարենավագյանական ջահելների մասին չէ), կամ ինչպես ընդունված է ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմը: Ի դեպ, այս թիմը 2013-ի նախագահական ընտրությունները տապալելուց հետո կարեւոր գործընթացներից «հեռացված» էր:
Միքայել Մինասյանի թիմն այժմ իր «100-ամյա հաջողություններով» ոգեւորված փորձում է երկրորդ քայլը կատարել եւ ստանձնել սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացը:
Իշխանական թեւերից այս պահին ազդեցիկ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեւը, որը իր մեջ ներառում է, այսպես կոչված, տարեց ՀՀԿ-ականներին եւ իրենց հավերժ ջահելի դերում պահող կարենավագյանական տեսակին:
Այս երկու թեւերը այժմ պայքարում են՝ սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի պատասխանատվությունը ստանձնելու համար: Սակայն առավել հավանական է, որ այդ մրցավազքում հաջողության կհասնի Միքայել Մինասյանի թիմը: Ինչո՞ւ, բացատրենք՝ որպեսզի Հովիկ Աբրահամյանի թիմն այդ գործառույթը ստանձնի, նա պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Բայց այդ տարբերակն առավել քան վտանգավոր է, քանի որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանգամից ամեն ինչ կորցնել: Ուստի իշխանությունների երիտթեւում գրեթե համոզված են, որ սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացը Սերժ Սարգսյանն հենց իրենց է վստահելու: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետը կլինի հենց Վիգեն Սարգսյանը:
Իշխանության երիտթեւում համոզված են, որ եթե իրենց հաջողվի այդ գործընթացը հաջողությամբ իրականացնել եւ զերծ մնալ լուրջ սկանդալներից, ապա 2016 թվականի գարնանը, երբ արդեն ամբողջ թափով կմեկնարկի «ժառանգորդ օպերացիան», հենց իրենք կլինեն իրավիճակի տերը: Ի դեպ, եթե Հովիկ Աբրահամյանի թեւը սահմանադրական փոփոխությունների ընթացքում փորձի ներքին կարգով խանգարել իր մրցակիցներին, ապա իշխանությունների երիտթեւին այդ հանգամանքն լիարժեք իրավունք կտա, որպեսզի նրանք տարեցներին «գահընկեց» անեն:
Հովիկ Աբրահամյանի թեւի միակ հույսը մնում են սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը, եւ եթե նրանց հաջողվի իշխանությունների երիտթեւի կյանքը պղտորել, ապա հետագա զարգացումներում ինքը իրավիճակը շտկելու հնարավորություն կունենա: Մի խոսքով, մինչ Հայաստանի ողջ հանրությունը փորձում է պարզել՝ էլէներգիան, ի վերջո, կթանկանա, թե ոչ, իշխանությունների թեւերն իրենց դիրքերն են վերադասավորում կարեւորագույն «ճակատամարտից» առաջ:
Հավելենք, որ ըստ լուրերի՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը եւս նախագահական մրցավազքին մասնակցելու հավակնություններ ունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀԷՑ-ԻՆ ԿՏՈՒԳԱՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 13-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանելու մասին են: Այդ որոշումներով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել ընդհանուր 75 միլիոն դրամի չափով: Տուգանքների հիմնական պատճառները նույն են՝ ՀԷՑ-ը չի կատարել իր պարտավորությունները եւ հրաժարվել է քաղաքացիներին միացնել էլէներգիայի մատակարարման համակարգին եւ նրանց հոսանք տալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանն ասաց, որ իրենք այդ հարցի հետ կապված դեռեւս դիրքորոշում չունեն ու այսօր կհայտնեն իրենց դիրքորոշումը:
Ի դեպ, քաղաքացիներին համակարգին չմիացնելու քայլը ՀԷՑ-ը պատճառաբանել է ֆինանսատնտեսական ծանր վիճակով:

 

ՊՆ ԽՈՍՆԱԿԻՆ ԱԶԱՏՈ՞ՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պաշտպանության նախարարությունում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի օրերը հաշված են: Բանն այն է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ցանկանում է ՊՆ մամլո խոսնակի պաշտոնում տեսնել իր մտերիմներից, «Հայ զինվոր» թերթի ծառայակից, մայոր Գայանե Պողոսյանին եւ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի այդ պաշտոնում նշանակվի հենց նա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Ես զինվորական եմ, ինձ հրամանով են նշանակում ու ազատում, երբ որ կնշանակեն ծառայել անգամ ամենահեռավոր զորամասում, կգնամ՝ այնտեղ ծառայելու: Այլ բան չունեմ ավելացնելու»:

 

ՆՈՐ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Հունիսի 6-ին Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը նշանակվել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն: 30-ամյա Սուրեն Մանուկյանը Իջեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. նոյեմբերից, իսկ մինչ այդ աշխատում էր Կոնվերս բանկի Իջեւանի մասնաճյուղում: Ի դեպ, Մանուկյանը ՀՅԴ անդամ է: «Ժողովուրդի» հետ զրույցում նա հերքեց Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունները, թե անտառտնտեսության տնօրեն նշանակվելուց հետո ինքն արդեն խնջույք է կազմակերպել:
Հիշեցնենք, որ այս «յուղոտ» պաշտոնը թափուր էր մնացել 2015թ. ապրիլի կեսերից, երբ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը: Ինչ վերաբերում է փոխքաղաքապետի` թափուր մնացած պաշտոնին, «Ժողովուրդը» Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացավ, որ քաղաքապետի տեղակալ է նշանակվել 42-ամյա Արթուր Ճաղարյանը: Նա երկար տարիներ աշխատել է անշարժ գույքի կադաստրի համակարգում, զբաղեցրել անշարժ գույքի կադաստրի Իջեւանի մարզային ստորաբաժանման գրանցման բաժնի պետի պաշտոնը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին: Քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը:

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի կողմից արված առաջարկին, թե էլէկտրաէնէրգիայի սակագնի թանկացման դեմ սկսված շարժման հիման վրա պետք է ստեղծել քաղաքական կուսակցություն եւ պայքարն այդ կերպ շարունակել, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Armlur.am-ին ասել է. «Մասնակցություն չեմ ունենա, բայց եթե համագործակցության եզրեր լինեն, կհամագործակցեմ: Ես ողջունում եմ ցանկացած նոր ստեղծվող կուսակցության կամ նախաձեռնության, որովհետեւ դրա կարիքը կա Հայաստանի քաղաքական դաշտում»:

 

ԻՐՈՔԻՑ ՊԱՅՔԱՐ
Երեկ երեկոյան լուրեր էին շրջում, որ Ազատության հրապարակում պետք է հանրային քննարկում կայանար, սակայն ոչինչ տեղի չունեցավ: Ընդամենը հնչեց մի հայտարարություն «Կոմանդոս» թիմի անդամների անունից: «Մենք ստեղ չենք եկել կապիկություն անելու, մենք եկել ենք իրոքից պայքարենք: 10 հազար դրամով ոչ ոք էլ չի աշխատում ստեղ: Իսկ էդ «Կոմանդոս» թիմը, որ ստեղծվել է, հատուկ էդ կռիսներից թաքնված ստեղծվել է, որ գոնե էսքանս ենք մնացել մաքուր: Մեզ ոչ ոք չի ղեկավարում, ոչ մեկ՝ ո՛չ մի կուսակցություն, ո՛չ մի չգիտեմ ինչ-որ մի հատ լիդեր, ինչ-որ մի բան: Ոչ ոք մեզ չի ղեկավարում: Ու թող սաղ աշխարհը իմանա, որ այ սենց՝ իրենց շախմատային քայլերով, այնքան ջահել երիտասարդների դուխ են կոտրում, բայց էլի մենք պայքարելու ենք: Ուղղակի խնդրում ենք ձեզ՝ էդ ձեր շախմատի ծրագիրը մեր կողմով անցկացրեք, էդքան մի բան»,- հայտարարեց Ռաֆայել Ավետիսյանը:

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ:

 

ՄԵԿ ՕՐ ՇՈՒՏ
Armlur.am-ի տեղեկացմամբ` Կառավարության հերթական նիստը կայանալու է ոչ թե հինգշաբթի, այլ մեկ օր շուտ՝ այսօր: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 9-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նիստի՝ մեկ օր շուտ անցկացումը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցով:




Լրահոս