ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԼԱՊՏԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում (դատավոր՝ Զոյա Զաքինյան) ընթանում է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1987թ. ծնված  Հայկ Ներսիսյանի եւ Երեւանի բնակիչ, 1989թ. ծնված Վլադիմիր Խաչատրյանի դատավարությունը: Ավագ լեյտենանտ Հայկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված առ այն, որ նա, լինելով պաշտպանական զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, ստորադասության հարաբերությունների  բացակայության դեպքում խախտել է զինծառայողների կանոնագրքային հարաբերությունները: Նա պատկանող լապտերը վերադարձնելու համար փոխադարձ կռվի մեջ է մտել այդ մարտական դիրքում որպես դիրքի ավագի օգնական  հերթապահության նշանակված լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանի հետ հայհոյել է նրան, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իսկ լեյտենանտ Վլ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված, որ նա, լինելով ականանետային մարտկոցի  դասակի հրամանատար, լապտերը վերադարձնելու կապակցությամբ կռվի բռնվելով Հայկ Ներսիսյանի հետ, հայհոյել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա, երբ Հայկ Ներսիսյանը դուրս է եկել գետնատնակից, իր մոտ գտնվող ծալովի դանակով 2 անգամ հարվածել է Ներսիսյանի կրծքավանդակի ձախ կողմնային պատի եւ ձախ բազկի շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Վլ. Խաչատրյանը կալանավորված է, իսկ Հ. Ներսիսյանից ստորագրություն է վերցվել չհեռանալու վերաբերյալ: Նշենք, որ Վլ. Խաչատրյանը 2012թ. հունվարի 25-ին դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով. նրա դատվածությունը մարված է:
Սույն գործով Հայկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), որը պատժվում է  կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ  Վլ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  359-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով): Այս գործով դատավարության հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 19-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս