Սա Սահմանադրության վերջնական տարբերակը չէ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի ժամանակ հնչած տեսակետներին և պատասխանելով այն հարցին` նոր Սահմանադրության որ կետերն են ՀՀԿ-ականներին անհանգստություն պատճառել, Հարությունյանը նշեց. «Ոչ թե անհանգստություն են պատճառել, այլ առաջարկներ են եղել: Սակայն, եթե մարդը քննարկում է ու առաջարկներ անում, նշանակում է, որ ինչ-որ կետեր իրեն անհանգստացնում են»,- հայտարարեց նա, սակայն այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը:
Անդրադառնալով տարածված այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանն այսպես ցանկանում է վերարտադրվել, Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը այսօր կրկին հաստատել է, որ մտադիր չէ զբաղեցնել ո՛չ Ազգային ժողովի նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնը:
Հարցին՝ բացի Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի դառնալու երկրի առաջին դեմքերից մեկը, Հարությունյանը նշեց «Քաղաքական հարթակում քաղաքական հայտարարությունները միայն բարի խոսք չեն, այլև ունեն քաղաքական կշիռ»: