Հուլիսի 17-ին Ճարտարապետների միությունում բացվեց «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) 32 պաստառներ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ցուցադրության նյութերը տպագրվել են նաև երկլեզու գրքույկում։
«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը մինչև Երևանում բացվելը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։ Ճարտարապետների միությունում այն բաց կլինի մեկ ամիս, այնուհետև մշտական ցուցադրության կդրվի Երևանում։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի կրթել մատաղ սերնդին և տեր կանգնել մեր մշակութային ժառանգության այն նմուշներին, որոնք դեռևս պահպանվում են Արևմտյան Հայաստանում։ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսն աշնանը կներկայացվի նաև Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, Հայ Դատի գրասենյակի հետ համագործակցաբար, այնուհետև՝ Լիոնում, Ամստերդամում և մի շարք այլ եվրոպական քաղաքներում։ Պաստառների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են համացանցում։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը ցուցահանդեսի բացմանը նկատեց, որ նախաձեռնության նպատակն է ցույց տալ, թե 1915 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել մեր պատմական հայրենիքում, մշակութային եղեռն, որ մինչ օրս ընթացքի մեջ է։ Պարոն Կարապետյանի խոսքով՝ որպեսզի մի բան պահպանենք, պետք է կարողանանք դրա գոյության մասին լուր ունենալ։ Հայ ազգի ներկա սերունդները պարտավոր են տեղյակ լինել մեր մշակութային ժառանգությանը։ Եվ եթե դրանց վտանգ է սպառնացել կամ սպառնում, մեր պարտքն է աշխարհին հնարավորինս իրազեկել մշակութային եղեռնի մասին։ Այն, ինչ ոչնչացվել է մեր հայրենիքում անցած մեկ դարի ընթացքում, ոչ միայն մեր ցավն է, այլև աշխարհի, քանի որ համաշխարհային մշակութային գանձարանից գանձեր են պակասել։
Ցուցահանդեսին ներկայացված պաստառներից մեկում պատկերված է Վանի նահանգում՝ Վանա լճի Լիմ կղզու վրա, գտնվող սուրբ Գևորգ վանքը։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրվում է Գրիգոր Լուսավորչին, սակայն գրավոր առաջին վկայությունը 884 թվականից է։ 1235,1288 և 1301թթ. վանքում ստեղծված ձեռագրերում հիշատակություններ կան տեղում գոյություն ունեցած սուրբ Եհնա, սուրբ Նշան, սուրբ Աստվածածին, սուրբ Կարապետ և սուրբ Գևորգ եկեղեցիների մասին։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1305թ.։ Վանքը պայթեցվել է 1950-1960-ական թթ.։ 2004թ. դրությամբ խիստ քայքայված, սակայն դեռևս կանգուն էր միայն գավիթը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն