ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել, թե ինչ ունեցվածքով են հեռանում արդեն նախկին պատգամավորները։ Այս անգամ անդրադարձել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Հակոբյանին, նրա անցած ճանապարհին, հանրային աղմուկ հարուցած դեպքերին և պաշտոնավարման ընթացքում արձանագրված ունեցվածքային փոփոխություններին։
Ով է Էդգար Հակոբյանը, ինչպես դարձավ պատգամավոր և ինչով էր հայտնի
Էդգար Հակոբյանը ծնվել է 1985 թվականի հուլիսի 18-ին Երևանում։ 2003-2005 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետում, իսկ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Նրա աշխատանքային կենսագրությունը բավականին ինքնատիպ ընթացք է ունեցել․ 2007-2018 թվականներին նա աշխատել է որպես «Արքայորդի» ՍՊԸ-ի վարորդ։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին դարձել է նույն «Արքայորդի» ՍՊԸ-ի փոխտնօրենը։

Քաղաքական դաշտում Էդգար Հակոբյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խորհրդի նախագահը, ինչպես նաև «Ազգ-բանակ» կամավորական միության համահիմնադիրը։ 2022 թվականի հունվարի 13-ին նա ստացավ պատգամավորական մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով՝ մեկ այլ պատգամավորի հետ փոխարինելով մանդատները վայր դրած պատգամավորներ Սեդրակ Թևոնյանին և Սերգեյ Մովսիսյանին։
Խորհրդարան մուտք գործելուց անմիջապես հետո նրա անունը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում։ Լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե նա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի երկրորդ ազգականն է Ազգային ժողովում՝ Հրաչյա Հակոբյանից հետո։ Լրագրողների հետ զրույցում նորանշանակ պատգամավորը կտրուկ հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ դրանք սուտ են, և իր ազգանունը Հակոբյան լինելը դեռ չի նշանակում, թե իրենք բարեկամ են։
Արդեն 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, պատասխանելով ՔՊ ցուցակի հետին հորիզոնականներում հայտնվելու վերաբերյալ հարցերին, Էդգար Հակոբյանը նշել էր, որ դրանից չեն նեղվում և անտեսված չեն զգում, քանի որ դա վարչության որոշումն է, և բոլորն էլ հնարավորություն ունեն քարոզարշավ իրականացնելու։
Էդգար Հակոբյանի անունը շոշափվել է նաև «Ժողովուրդ» օրաթերթի դեռևս 2025 թվականին հրապարակած աղմկահարույց պատմության մեջ, որը վերաբերում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Երևանի Մալաթիա-Սեբաստիա հատվածի շինարարության կասեցմանը։ Ըստ հրապարակման՝ նա նկատվել է վիճահարույց տարածքում, որտեղ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, Արշակ Արշակյանը հրաժարվում է պետությանը փոխհատուցմամբ հանձնել իր հողատարածքի մի հատվածը՝ պահանջելով ահռելի գումարներ։ Հոդվածում Էդգար Հակոբյանը դիտարկվում է որպես այս խնդրի շուրջ ձևավորված ենթադրյալ փոխկապակցված անձանց և կոռուպցիոն շղթայի մասնակիցներից մեկը։
Ինչ ունեցվածքով է Էդգար Հակոբյանը հեռանում Ազգային ժողովից
2022 թվականին պատգամավորական պաշտոնը ստանձնելիս Էդգար Հակոբյանը չուներ սեփականության իրավունքով գրանցված որևէ անշարժ գույք կամ ավտոմեքենա, այլ հայտարարագրել էր միայն 150 հազար ԱՄՆ դոլար կանխիկ դրամ, 4.5 միլիոն դրամի թանկարժեք զարդեր և երկու մեքենայի փաստացի օգտագործում, մինչդեռ 2025 թվականի դրությամբ նրա ունեցվածքային պատկերն էականորեն փոխվել է․ նա արդեն հայտարարագրել է 4 անշարժ գույք Երևանում (այդ թվում՝ 2024 թվականի վերջին 45 միլիոն դրամով ձեռք բերված բնակարան), 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա, շուրջ 4.9 միլիոն դրամ ընդհանուր կանխիկ միջոցներ (անձնական և տնօրինվող) և ԱԺ-ից ստացած 12.8 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ, որին զուգահեռ, սակայն, սկզբնական 150 հազար դոլար կանխիկն այլևս առկա չէ, փոխարենը կուտակվել է ավելի քան 57.1 միլիոն դրամի վարկային պարտավորություն (որից շուրջ 39.9 միլիոն դրամը՝ բնակարանի հիփոթեքային վարկ)։

Էդգար Հակոբյանի հայտարարագրերը՝ 2022 թվականից մինչև պաշտոնավարման ավարտը
Պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը (2022 թվական)
2022 թվականի հունվարի 13-ի դրությամբ ներկայացրած պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Էդգար Հակոբյանը նշել էր, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք, տրանսպորտային միջոց, արժեթղթեր, բանկային ավանդներ կամ բաժնեմասեր չունի։
Չնայած սեփականության բացակայությանը՝ նա հայտարարագրել էր, որ 90 օրից ավելի փաստացի տիրապետել է երկու ավտոմեքենայի՝ 2003 թվականի արտադրության Mercedes-Benz և 2013 թվականի արտադրության Toyota մակնիշների։
Բացի այդ, նա հայտարարագրել էր 2006 թվականին ձեռք բերված 4 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ թանկարժեք զարդեր։ Դրամական միջոցների բաժնում նշվել էր 150 հազար ԱՄՆ դոլար կանխիկ դրամ, ինչպես նաև 364 հազար դրամ, որը ներկայացված էր որպես երրորդ անձին պատկանող, սակայն իր կողմից տնօրինվող կանխիկ միջոց։
Պաշտոնը ստանձնելու պահին նա եկամուտներ, վարկային պարտավորություններ կամ բանկային հաշիվների մնացորդներ չի ունեցել։
2023 թվականի տարեկան հայտարարագիրը
2023 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն ՝ Էդգար Հակոբյանն իր անվամբ գրանցված որևէ անշարժ գույք դեռևս չի ունեցել։ Սակայն նշել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի օգտագործել է երրորդ անձին պատկանող երկու անշարժ գույք Երևանում՝ անհատական բնակելի տուն իր տնտեսական շինություններով և հողամաս։
Տրանսպորտային միջոցների բաժնում նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան (ձեռք բերված 2022թ․ հունվարի 7-ին), որը միաժամանակ նշվել է նաև որպես երրորդ անձին պատկանող, սակայն իր կողմից փաստացի օգտագործվող գույք։
Ֆինանսական միջոցների մասով բանկային հաշվի մնացորդը կազմել է ընդամենը 1 հազար դրամ։ Ամերիաբանկի էլեկտրոնային հաշվի մնացորդը տարեսկզբի 598 հազար 900 դրամից տարեվերջին դարձել է 1 միլիոն 894 հազար դրամ ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի 598 հազար 900 դրամից տարեվերջին հասել են 1 միլիոն 894 հազար 300 դրամի։ Նույնքան է կազմել նաև երրորդ անձին պատկանող տնօրինվող կանխիկ դրամը։
2023 թվականին նրա միակ եկամուտը եղել է ԱԶ աշխատակազմից ստացած աշխատավարձը՝ 9 միլիոն 923 հազար 600 դրամ։ Տարեվերջին նա ունեցել է 1 միլիոն դրամ փոխառության մնացորդ (16% տոկոսադրույքով) և 1 միլիոն 500 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։
2024 թվականի տարեկան հայտարարագիրը
2024 թվականին Էդգար Հակոբյանի գույքային կազմում էական փոփոխություն տեղի ունեցավ։ Տարեսկզբին ունենալով 2016 և 2017 թվականներին ձեռք բերված 3 անշարժ գույքերը (նոր կառուցված 2 չգրանցված շինություններ և այգետնակ)՝ նա դեկտեմբերի 27-ին ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բնակարանը գնվել է «ԱՄԻՕ» ընկերությունից՝ 45 միլիոն դրամով, ինչի արդյունքում անշարժ գույքերի թիվը դարձել է 4։
Տրանսպորտային միջոցը մնացել է նույնը՝ 2013 թվականի արտադրության Toyota-ն։ Կանխիկ դրամական միջոցները պահպանվել են 1 միլիոն 894 հազար 300 դրամի չափով։
2024 թվականին պատգամավորի ընդհանուր եկամուտը կազմել է 16 միլիոն 194 հազար 691 դրամ, որից 10 միլիոն 794 հազար 691 դրամը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 400 հազար դրամը՝ «Արքայորդի» ՍՊԸ-ից ստացված այլ եկամուտը։
Տարեվերջի դրությամբ նա հայտարարագրել էր 50 միլիոն դրամ փոխառությունների մնացորդ (40 մլն դրամ 12%-ով և 10 մլն դրամ 14%-ով), ինչպես նաև 50 միլիոն դրամ վարկերի մայր գումարի մնացորդ (որից 40 միլիոն դրամը բնակարանի ապահովմամբ հիփոթեքային վարկն է)։
2025 թվականի տարեկան հայտարարագիրը
2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերվել։ Գույքային ցանկում պահպանվել են 4 անշարժ գույքերը և Toyota մակնիշի մեքենան։
Անձնական կանխիկ դրամը մնացել է անփոփոխ՝ 1 միլիոն 894 հազար 300 դրամ, իսկ երրորդ անձին պատկանող տնօրինվող կանխիկ դրամը տարեսկզբի 1 միլիոն 894 հազար դրամից դարձել է 3 միլիոն դրամ։
Տարեկան եկամուտը ձևավորվել է բացառապես ԱԺ աշխատակազմի աշխատավարձից՝ 12 միլիոն 795 հազար 662 դրամ։
Վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդները տարեվերջին կազմել են 57 միլիոն 178 հազար 600 դրամ (ներառյալ 39,9 մլն դրամ հիփոթեքը), իսկ շահերի հայտարարագրում նշվել է միայն անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։



Սոնա Գրիգորյան




























