Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալը հայտարարել է, որ ՀՔԾ-ում իրեն առաջարկել են ընդունել մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, շարունակվում է Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը:

Քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն: Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործով մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար՝ չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար՝ 7 տարի ազատազրկում: Հուլիսի 27-ի դատական նիստում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել: Արտակ Ավետիսյանը, ով դատավարության ողջ ընթացքում ցուցմունք չի տվել, չի պատասխանել հարցերի, այդ նիստում ելույթ է ունեցել:

Նշենք, որ Ա. Ավետիսյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքներով իրեն մեղավոր է ճանաչել, ինքնախոստովանական ցուցմունքներ տվել: Նիստում ճառով հանդես է եկել նաեւ Արտակ Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը: Ինչպես հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի կինը՝ Քրիստինեն, Արտակ Ավետիսյանն իր վերջին խոսքում իրեն մեղավոր չի համարել: Նա ասել է, որ հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են ընդունել մեղքը՝ խոստանալով, որ հետագայում հոդվածը կփոխեն 308 հոդվածի 1-ին մասի, եւ հետո իր համար ամեն ինչ լավ կլինի:

Արտակ Ավետիսյանի խոսքերով՝ իրեն առաջարկել են, որ Անդրանիկ Ազիբեկյանին համոզի ընդունել մեղքը, ինքը նրա հետ առանձին խոսելու թույլտվություն է խնդրել, սակայն առանձնազրույցի ժամանակ Ա. Ազիբեկյանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել՝ ասելով, որ ինքը հանցավոր ոչինչ չի արել: Սույն քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 4-ին, որի ընթացքում, հավանաբար, կհրապարակվի 3 ամբաստանյալների դատավճիռը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս