Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան քաղաքացիների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով արդեն կան խախտումների մասին ոստիկանության հրապարակումները, և մարդու իրավունքների պաշտպանն այլևս այստեղ լիազորություն չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերին, այդ մասին նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Քաղաքացիները պահանջները տրամաբանական են, իսկ արդար է, թե ոչ, կորոշի դատարանը: Նորից եմ կրկնում՝ մեր լիազորությունները սպառված են, ու եթե տուժած քաղաքացիները, լրագրողները, իրենց գույքային պահանջները վերականգնելու համար ոստիկանության որոշումները, կարող են բողոքարկել դատական կարգով», – նշեց նա:
Լրագրողի հարցին, թե իր պատկերացմամբ ինչպես պետք է ՀՀ ոստիկանությունը վերադարձնի լրագրողների վնասած գույքը, Անդրեասյանը ընդգծեց, որ վնասի փոխհատուցման ձևը տարբեր կարող է լինել։
«Օրինակ՝ պետական մարմինը իր միջոցներից կարող է հատուցել, հետո գնալ իր աշխատողից պահել գումարները: Ցավոք պրակտիկայում չկա նման դեպք, հուսամ՝ կլինի, որովհետև մենք գնալով դառնում ենք ավելի գրագետ տրամաբանությամբ հասարակություն»,- ընդգծեց նա, հավելելով, որ ինքը հստակ տեղեկություն չունի, թե ինչ միջոցների հաշվին է ոստիկանությունը փոխհատուցելու գույքը, բայց հայտարարեց` եթե վճարվի բյուջեից ու հետո այդ միջոցները չվերականգնեն, դա կլինի վիճահարույց: