Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, 917 միլիոն 685 հազար դրամով նվազել են: Այս տարի խոշոր հարկատուներն ընդհանուր վճարել են 325 միլիարդ 15 միլիոն 86 հազար դրամի հարկ` անցած տարվա 325 միլիարդ 932 միլիոն 772 հազար դրամի դիմաց:
Խոշոր հարկատուների ցուցակն այս տարվա առաջին կեսի արդյունքներով, ինչպես միշտ, գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը 24 մլրդ 616 մլն 391 հազար դրամի հարկ է վճարել` անցած տարվա 23 մլրդ 966 մլն 906 հազար դրամի դիմաց: Խոշոր հարկատուների ցուցակի մնացած կազմը, անցած տարվա համեմատ, էապես փոխվել է:
Այսպես, «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի երկրորդն է 9 մլրդ 759 մլն դրամի հարկային վճարումներով: Մինչդեռ անցած տարի այս ընկերությունը եղել է ցուցակի 5-րդ հորիզոնականում 6 մլրդ 21 մլն դրամի հարկային վճարումներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում այս տարի երրորդն է, իսկ անցած տարի եղել է 7-րդը: ՀԷՑ-ի վճարած հարկերն անցած տարի եղել են 5 մլրդ 477 մլն դրամ, իսկ այս տարի աճել են մինչեւ 8 մլրդ 833 մլն դրամի: ՀԷՑ-ի վճարած հարկերի ավելացումը պայմանավորված է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագին անցած տարվա օգոստոսի 1-ից բարձրացնելու փաստով: Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին կեսին էլէներգիան սպառողին մատակարարվում էր 1 ԿՎտ/ժ-ը ցերեկային սակագնով 38 դրամ, իսկ գիշերային սակագնով՝ 28 դրամ, իսկ արդեն նույն տարվա օգոստոսի 1-ից 1 ԿՎտ/ժ-ի սակագինը դարձավ համապատասխանաբար 42 եւ 32 դրամ:
«Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն անցած տարի զբաղեցրել էր խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականը` 9 մլրդ 606 մլն հարկային վճարումներով, ապա այս տարի այդ ընկերությունը մեկ տողով նահանջել եւ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նշենք, որ «Ալեքս Գրիգի» հարկային վճարումներն այս տարի նվազել եւ կազմել են 8 մլրդ 624 մլն դրամ: Անկումը կազմել է 772 մլն 475 հազար դրամ:
Անցած տարվա համեմատ՝ շեշտակի նվազել է նաեւ բջջային կապի ծառայություն մատուցող «Ղ-Տելեկոմ» ընկերության (ապրանքանիշը «Վիվասել») վճարած հարկերը: Այս ընկերությունն անցած տարվա առաջին կեսի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը` 10 մլրդ 239 մլն հարկային վճարումներով: Իսկ այս տարի «Վիվասել»-ը վճարել է ընդամենը 4 մլրդ 282 մլն դրամի հարկ եւ խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանել է 9-րդ հորիզոնականում: Տեղեկացնենք, որ «Վիվասել»-ի վճարած հարկերն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են 5 միլիարդ 956 մլն դրամով: Խոշոր հարկատուների ցուցակի առաջին քսանյակում տեղի ունեցած տեղաշարժերն առավել հասկանալի դարձնելու համար ստորեւ ներկայացնում ենք այս տարվա եւ անցած տարվա առաջին կիսամյակների քսանյակի ցուցակները:
2015 թվական
1. «Գազպրոմ Արմենիա»՝ 24 մլրդ 616 մլն 391.7 հազ.
2. «Զանգեզուրի պ/մ կոմ.»՝ 9 մլրդ 759 մլն 582.7 հազ.
3. ՀԷՑ՝ 8 մլրդ 833 մլն 991.4 հազ.
4. «Ալեքս Գրիգ»՝ 8 մլրդ 624 մլն 073.8 հազ.
5. «ԱրմենՏել»՝ 7 մլրդ 760 մլն 419.9 հազ.
6. «Գրանդ-տոբակո»՝ 7 մլրդ 442 մլն 159.8 հազ.
7. «Ֆլեշ»՝ 5 մլրդ 945 մլն 819.2 հազ.
8. ՀԱԷԿ՝ 4 մլրդ 604 մլն 055.7 հազ.
9. «Ղ-տելեկոմ» (Վիվասել)՝ 4 մլրդ 282 մլն 217.2 հազ.
10. «Սիփիէս օիլ քորփորեյշն»՝ 4 մլրդ 68 մլն 502.7 հազ.
11. «Ինտերնեյշնլ մաս. տաբ.»՝ 3 մլրդ 798 մլն 480.2 հազ.
12. «Ջեյ թի այ Արմենիա»՝ 3 մլրդ 549 մլն 430.8 հազ.
13. «Ամերիաբանկ»՝ 3 մլրդ 444 մլն 511.9 հազ.
14. «Ֆիլիպ մորիս Արմենիա»՝ 3 մլրդ 85 մլն 685.9 հազ.
15. «Տրանսգազ»՝ 2 մլրդ 944 մլն 861.3 հազ.
16. «Երեվան ՋԷԿ»՝ 2 մլրդ 828 մլն 367 հազ.
17. «Ռենկո Արմէստեյտ»՝ 2 մլրդ 826 մլն 808.8 հազ.
18. «Թեղուտ»՝ 2 մլրդ 513 մլն 418.3 հազ.
19. «Օնիրա քլաբ»՝ 2 մլրդ 383 մլն 547.9 հազ.
20. «Էյչ-էս-բի-սի բանկ»՝ 2 մլրդ 322 մլն 468.5 հազ.
2014 թվական
1. «Գազպրոմ Արմենիա»՝ 23 մլրդ 966 մլն 906.8 հազ.
2. «Ղ-Տելեկոմ» (Վիվասել)՝ 10 մլրդ 239 մլն 036.4 հազ.
3. «Ալեքս Գրիգ»՝ 9 մլրդ 606 մլն 466.9 հազ.
4. «ԱրմենՏել»՝ 8 մլրդ 599 մլն 681.3 հազ.
5. «Զանգեզուրի պ/մ կոմ.»՝ 6 մլրդ 21 մլն 288.5 հազ.
6. «ֆլեշ»՝ 5 մլրդ 615 մլն 052.6 հազ.
7. ՀԷՑ՝ 5 մլրդ 477 մլն 699.8 հազ.
8. «Գրանդ-տոբակո»՝ 4 մլրդ 563 մլն 875.6 հազ.
9. «Սիփիէս օիլ քորփորեյշն»՝ 4 մլրդ 420 մլն 204 հազ.
10. «Երեվանի կոնյակի գործ.»՝ 3 մլրդ 677 մլն 697 հազ.
11. ՀԱԷԿ՝ 3 մլրդ 60 մլն 353.9 հազ.
12. «Ֆիլիպ մորիս Արմենիա»՝ 2 մլրդ 948 մլն 786.5 հազ.
13. «Ինտերնեյշնլ մաս. տաբ.»՝ 2 մլրդ 919 մլն 907.1 հազ.
14. «Արսօյլ»՝ 2 մլրդ 896 մլն 311.9 հազ.
15. «Տրանսգազ»՝ 2 մլրդ 739 մլն 851.4 հազ.
16. «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»՝ 2 մլրդ 703 մլն 592.5 հազ.
17. «Էյչ-էս-բի-սի բանկ»՝ 2 մլրդ 472 մլն 251.1 հազ.
18. «Օրանժ Արմենիա»՝ 2 մլրդ 458 մլն 934.9 հազ.
19. «Ամերիաբանկ»՝ 2 մլրդ 415 մլն 642.6 հազ.
20. «Դանդի փրիշս մեթալս»՝ 2 մլրդ 373 մլն 583.6 հազ.
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱՋԱՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը վերջին օրերին շատ նյարդային է դարձել: Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ է՝ նրանից փորձում է պարզել, թե ինչու նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց: Սկզբում Մանուկյանն արձակուրդում էր, հետո հայտարարում էր, թե շատ զբաղված է ու չի կարող մեր հարցերին պատասխանել: Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին փորձեց Հ. Մանուկյանից պարզել, թե ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց: «Ես հիմա զբաղված եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել, չեմ կարող հիմա խոսել, ես հիմա հանդիպման եմ»,-հայտարարեց նախկին նախարարը: Մեր դիտարկմանը, թե երբ կարող ենք իրեն հարցեր ուղղել, Հ. Մանուկյանը նյարդայնացած հայտարարեց. «Ես ինչ-որ պարտավորություն ունե՞մ Ձեր հարցերին պատասխան տալու, ես զբաղված եմ»,- ու անջատեց հեռախոսը: Մանուկյանն, իհարկե, այլեւս նախարար չէ եւ գուցե կարող է հարցերին չպատասխանել, բայց նա պարտավոր է բացատրություն տալ ՀՀ քաղաքացիներին, թե ինչու հեռացավ պաշտոնից, կամ ինչու ստիպեցին հեռանալ:
ՆԱԽԱԳԻԾԸ ԿՀԱՆՁՆԵՆ
Նոր Սահմանադրության նախագիծը օգոստոսի 1-ին մասնագիտական հանձնաժողովը կներկայացնի Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովն այս օրերին նախագծում վերջին խմբագրումներն է կատարում: Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հուլիսի 15-ին հրապարակելուց հետո ԱԺ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է փաստաթղթին կողմ արտահայտվել, իսկ մյուսները դեմ են: Մեր տեղեկություններով՝ նախագիծը Սերժ Սարգսյանին հանձնելուց որոշ ժամանակ անց ՀՅԴ-ականները հանդես կգան առանձին հայտարարությամբ:
ՍՊԱՆԵԼ Է
Երեկ՝ ժամը 18:50-ի սահմաններում, Երեւանի Զեյթուն տարածքում` Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի հարեւանությամբ, հնչել են կրակոցներ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կրակոցների արդյունքում սպանվել են ամուսիններ Լուսինե եւ Հովհաննես Մխիթարյանները: Նրանք ապրում էին նշված հասեցում գտնվող ավտոտնակում: Երեկ երեկոյան արդեն ՀՀ ոստիկանությունը հետքի վրա էր դուրս եկել: Armlur.am-ի տեղեկություններով՝ սպանողը եղել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ, ով ավտովերանորոգման արհեստանոց ունի Զեյթունում: Նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսինների հետ ու սպանել նրանց:
ԴԻԱԿ՝ ԱՅԳՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կարենիս գյուղի այգում ծառից կախված վիճակում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարենիսի գյուղապետ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ դեպքի մասին իրենք լսել են, սակայն մահացած տղան իրենց գյուղի բնակիչ չէ. «Մի ռուսաստանցի սեփականատիրոջ այգում այդ տղան գործ է արել, ու տեղի է ունեցել այս դեպքը, մենք այլ բան չգիտենք»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ
«Սիրիայում իրավիճակն այսօր ծայրահեղ վատ է», – «Ազատությանն» ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ այդուհանդերձ ավելացնելով, որ Հայաստանն այսօր չի կարող կազմակերպված ձեւով տարհանել հայերին։ Ըստ նախարարի՝ դա վտանգավոր է։ «Տարհանել, նշանակում է հայտարարել եւ բոլոր թշնամի ու հրեշավոր տարրերին ասել՝ ա՛յ, մենք այստեղ կուտակվել ենք, խնդրեմ՝ ռումբերն ուղարկեք այս ուղղությամբ»: Ուշագրավ է, որ նախարարը վերջապես ընդունել է, որ «այս պահին ավելորդ է խոսել ավերված երկրում խոշոր համայնք պահելու մասին»։ «Նրանք պետք է հեռանան, որովհետեւ վտանգը շատ մեծ է», – ասել է Հակոբյանը։
ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵ՞ՆՔ
Կառավարությունում երեկ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Ներկայացվել է «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում եւ հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու ուսումնասիրել նոր շուկաներ։
ՆՈՐ ՀԱՎԱՔ
Այսօր Մատենադարանի մոտ տեղի կունենա հավաք, որից հետո երթ կանցկացվի դեպի Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ սահմանադրական չարեփոխումների» Facebook-ի էջը: «Հուլիսի 30-ին բոլոր նրանք, ովքեր դեմ են ժողովրդին եւ Հայաստանի քաղաքացուն նսեմացնող այս դավադիր չարեփոխումներին, ԱԻՄ-ը, «ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ» շարժումը եւ մյուս համախոհ ուժերը հրավիրում են Մատենադարանի մոտ հավաքին եւ դեպի Սահմանադրական դատարան բողոքի երթին։ Ամեն ինչ օրինական է: Հինգշաբթի, ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ»,- գրված է խմբի հաղորդագրությունում։
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՑ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:
Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել եւ նշել, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները: