ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ որոշվել է 2013թ. Գյումրին ճանաչել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքներից մեկը: 2013-ին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաեւ Ադրբեջանի Գաբալա եւ Բելառուսի Մագիլյով քաղաքները: Նման մեծ միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար արդեն իսկ Գյումրիում սկսվել են նախապատրաստական աշխատանքներ: Մոտ 50-ից ավելի տարբեր միջոցառումների շարքը կսկսվի մայիսի վերջից ու կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Դրանք իրենց մեջ կընդգրկեն արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Ծրագրի ընթացքում նախատեսված է իրականացնել մայրաքաղաքային թատրոնների տասնօրյակ, աշուղական երգի փառատոն, Իսրայելի մշակույթի օրեր Գյումրիում, մանկական գեղարվեստի ցուցահանդես, հարեւան երկրների խոհանոցների ներկայացում, քանդակագործների մրցույթ, Գյումրու պատմամշակութային արժեքների ցուցադրություն եւ այլն:
Միջոցառման հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով Շիրակի մարզպետարանի հետ համատեղ Գյումրու քաղաքապետարանում միջգերատեսչական խումբ է ստեղծվել: Ըստ խմբի համակարգող, փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանի` Գյումրին այս ամենից բարոյահոգեբանական մեծ վերելք կապրի: Այն հարցին, թե արդյոք Գյումրին պատրաստ է նման մեծածավալ միջոցառման շրջանակներում հյուրընկալել մեծ թվով մարդկանց, Ռ. Սանոյանն ասաց. «Այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարականներ արդեն տրված են, թե քանի հյուրանոց ունենք, ինչքան մարդ կարող ենք ընդունել»: «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքներից մեկը» ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման եւ նախապատրաստական աշխատանքների իրագործման համար ստեղծված միջգերատեսչական խումբը երեկ արդեն երկրորդ աշխատանքային հանդիպումն ունեցավ: Մինչ այդ՝ նախորդ օրը, խումբը հանդիպում էր ունեցել Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների հետ եւ լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները: Երեկ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին ու քննարկվեցին ե՛ւ ՀԿ-ների, ե՛ւ միջգերատեսչական խմբի անդամների առաջարկները:
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը համոզված է, որ այս ծրագրով Գյումրիում ամիսներ շարունակ աշխուժություն կտիրի. «Սա լուրջ ու ծախսատար պրոցես է եւ արվում է կառավարական մակարդակով, պետական միջոցներով»: Ա. Կարապետյանի ներկայացմամբ՝ տեղական կազմկոմիտեի ու Երեւանում միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների համատեղումից հետո 10 օրից արդեն պատրաստ կլինի միջոցառումների անցկացման ամբողջական փաթեթը՝ ժամկետներով, ծախսերով, քանակով: Այն հաստատվելուց հետո կմտնի գործածության մեջ: Իսկ թե այդ միջոցառումների անցկացման համար որքան գումար է հատկացվելու, առայժմ հայտնի չէ:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս