Ամոթ է, գնացեք տուն. Դավիթ Սանասարյանի և Անդրիաս Ղուկասյանի միմոսությունը որևէ պայքարի հետ որևէ առնչություն չունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին եւ Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»: Մեծ բան չէ ուզածները, բայց այն, ինչ տեղի կունենա նրանց հետ 72 ժամ կիզիչ արեւի տակ նստելուց, հավատացնում եմ, կգերազանցի բոլորի սպասելիքները: Կարծում եմ` 120 աստիճան ջերմությամբ գորգին նստելուն պես նույնիսկ հայտնի մազոխիստ Անդրիաս Ղուկասյանն այնպես կսկսի վազել դեպի շատրվանները, որ ոչ մի ոստիկան հետեւից չի հասնի:

Նրանք ո՞ւմ տեղն են դրել հայ ժողովրդին, որ մի բան էլ հրավիրում են «գորգ»: Հաստատ ձեռ են առնում, որովհետեւ ոչ մի խելացի մարդ ստվերում 40 աստիճան շոգին ժողովրդին պայքարի չի հրավիրի մի տեղ, որտեղ, մեղմ ասած, բուսականությունն այնքան էլ առատ չէ:

Կարճ ասած` այն, ինչ այս օրերին անում են Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը, որեւէ առնչություն չունի որեւէ պայքարի հետ: Դա մեզ ընդամենը հեռավոր կերպով հիշեցնում է Շանթի հինգրոպեանոց հեղափոխության «անզեն» տարբերակը` կոմիկական դրվագներով հարստացված: Մի բան պարզ պետք է լինի «առաջնորդներ» Սանասարյանի եւ Ղուկասյանի համար` եթե ժողովուրդը չի գալիս, մեկ-երկու փորձից պետք է հասկանալ, որ սկսում ես նմանվել այն միմոսին, որին արդեն ոչ ոք մանրադրամ չի տալիս խեղկատակությունների համար: Դաժան է, իհարկե, բայց սա է իրականությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս