«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երեկ անսպասելի լուր ստացանք այն մասին, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դեռևս հուլիսի 30-ին դադարեցվել է՝ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի հրամանով:
Այս մասին տեղեկացանք ԲՆ-ի մամուլի ծառայության՝ մեզ ուղարկած գրությունից: Նախորդ համարում գրել էինք, որ կոմպոստի արտադրամասը գարշահոտ է տարածում Նուռնուսում և Բյուրեղավանում: ԲՆ-ն, ահա, երեկվա գրությամբ հայտնում է, որ իրականացված լաբորատոր չափումների արդյունքում ամիակի արտանետման չափաքանակի գերազանցում է արձանագրվել և բացի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելը «Առողջ սունկ»-ի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի: Այս լուրն անսպասելի էր այն առումով, որ հրամանի մասին տեղյակ չէին անգամ Կոտայքի մարզպետի կազմած հանձնաժողովում: Հրամանին տեղյակ չի եղել նաև ՍՊԸ-ի տնօրենը։ Ավելին՝ հենց երեկ բեռնատարներով ծղոտ էր տեղափոխվում արտադրամաս՝ կոմպոստի արտադրության համար։ Սա թույլ է տալիս մտածել, որ վերը նշված հրամանը ստորագրվել է ետին թվով, մամուլում բարձրացված աղմուկից հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: