Նաիրիտցիները շանտաժի մասով կդիմեն դատարան. նրանց պայքարը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ թեև ստացել են աշխատավարձերը, սակայն շարունակելու են իրենց պայքարը գործարանի վերագործարկման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Նաիրիտ գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Եթե կառավարությունը շարունակի հիմք ընդունել համաշխարհային բանկի վերջին աուդիտը և հայտարարի, որ Նաիրիտը պիտի լուծարվի, պիտի փակվի և այն աշխատեցնելը տնտեսապես անիմաստ է, ապա բողոքի ակցիաները շատ ավելի բուռն կլինեն»,- նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ պայքարի նոր փուլը կսկսվի սեպտեմբերի կեսերից:

«Վերջին անգամ ԱԺ-ում հայտարարությամբ հանդես էր եկել նախարարը, որի ժամանակ հատարարել էր, որ սեպտեմբերին կլինեն ավելի լուրջ լսումներ «Նաիրիտ»-ի հետ կապված: Այս լսումների արդյունքը կպայմանավորի մեր գործողությունների սկիզբը»,-հավելեց Հարությունյանը:

Նախկին խոսնակը նկատեց, որ այսօր «Նաիրիտ»-ի հետ կապված դատական համակարգին դիմելու խնդիրներ կան և չդիմելու դեպքում դրանք կարող են նորից կրկնվել:

«Մեզ ստիպեցին ստորագրել պայմանագրեր «Նաիրիտ 2»-ի հետ, որ մենք մեր տույժ-տուգանքները ստանալու իրավունքը փոխանցում ենք Նաիրիտ 2-ին: Սա ես գնահատել եմ շանտաժ  պետության կողմից և քանի որ արդեն ավարտվել է սոցիալական խնդիրը՝ աշխատավարձի ստացումը, մենք իրավաբանների հետ կզրուցենք, կդիմենք դատարան, դատախազություն ՝ ոչ թե տույժ ու տուգանքները վերադարձնելու այլ շանտաժի մասով»,-եզրափակեց նա:




Լրահոս