Այն, որ քաղավիացիայի ոլորտը Հայաստանում գտնվում է ճգնաժամային վիճակում, գաղտնիք չէ: Ոլորտի պատասխանատուներն ամենայն հետևողականությամբ կործանում են քաղավիացիան: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն էլ չտիրապետելով իրավիճակին, ոլորտի բարձիթողի վիճակը կապում է նրա հետ, որ Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը տարվում է ընդամենը 2 տարի: Մովսեսյանը, հիարվի, իրավիճակին չի տիրապետում, քանի որ միայն այն հանգամանքը, որ հայաստանցիները Վրաստանից են մեկնում արտասահման, արդեն իսկ մտահոգիչ է:
Միգուցե Մովոսեսյանի համար տոմսերի գներն այնքան էլ բարձր չեն, քանի որ վերջինիս բիզնեսը բավական դինամիկ կերպով ծաղկում է ապրում, բայց ՀՀ շատ ու շատ քաղաքացիների համար դա իսկական գլխացավանք է դարձել: Իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հռչակած «բաց երկնքի քաղաքականություն»-ը պարզապես փլուզեց մեր երկրի քաղավիացիայի ոլորտը, որն առ այսօր շարունակվում է ավելի մեծ տեմպերով փլուզվել:
Հանրային խորհուրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերից իրենք քաղավիացիայի ոլորտի ներկա վիճակի վերաբերյալ քննարկումներ, նիստեր կանցկացնեն: «Դե հիմա օգոստոս ամիսն է, մեռած ամիս է: Մենք սեպտեմբերից կսկսենք ակտիվ քննարկումները»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի եւ ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում հռչակվեց բաց երկնքի քաղաքականություն: