Ի՞նչ է թաքցնում Ֆինանսների նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի՝ գուցե ոչ ուղղակի հովանավորությամբ մի շարք քաղաքացիներ տարբեր կեղծ գործարքներ են կատարել եւ, ըստ էության, մնացել անպատիժ:

Հիմա ամեն ինչի մասին սկզբից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրազդանի «Օրինաց երկիր» կուսակցության կառույցի նախկին նախագահ, իսկ այժմ կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի որդին՝ Վարդանը, մեկ տարի առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Մարիամ Հովհաննիսյանի որդին՝ Վարդանը, զբաղվել Է կեղծ շենգեն վիզաներ պատրաստելու գործով: Սակայն, ինչպես նկատում ենք, նախկին ՕԵԿ-ականի որդու եկամտաբեր աշխատանքը կարճ է տեւել, եւ վերջինս ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ինչպես հայտնի է՝ նման եկամտաբեր գործի գլխին «տանիքներ» են լինում, այլապես դժվար կլինի լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Եվ, ահա, պարզվում է, որ Վարդանը եւս «տանիք» է ունեցել: Համենայնդեպս, նրա հարազատների, ընկերների շրջանում տեղեկություններ կան, որ երբ Վարդանը որեւէ տհաճ պատմության մեջ է ընկել, նրան մշտապես օգնել է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Ու թերեւս նրա «դուխով» է Վարդանը գործի անցել եւ մի շարք քաղաքացիների համար կեղծ շենգեն վիզաներ պատրաստել: Սակայն գործունեությունը դադարեցվել է իրավապահների միջամտությունից հետո:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Հրազդանի ՕԵԿ կառույցի նախկին ղեկավար, իսկ այժմ կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը. իսկապես, նրա որդին կալանավորված է եղել կեղծ շենգեն վիզաներ պատրաստելու մեղադրանքով, սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել. «Դա թյուրիմացություն էր եղել, որդիս կալանքի տակ է մնացել շատ կարճ: Նորմալ դատ տեղի ունեցավ, ու հասկացան, որ թյուրիմացություն է եղել: Քաղաքացիների կանչել, ստիպել էին, բաներ էին գրել: Մի խոսքով, թյուրիմացություն էր:

Մենք դատարան միջնորդություն ներկայացրեցինք, որ գրավի դիմաց որդուս ազատ արձակեն եւ ազատ արձակեցին, իսկ հետո դատավճիռ եղավ: Իսկ ինչ վերաբերում է Մաշադյան ազգանունով մարդու, որ Դուք նշեցիք, ապա ես նման մարդու չեմ ճանաչում, չգիտեմ: Ես եմ իր մեջքը, ես եմ իր մայրը, մեջք ու տանիք չունի իմ որդին»:

Մեր այն հարցին՝ միգուցե Հրազդանի ՕԵԿ կառույցի նախագահի կարգավիճա՞կը օգնեց, որ իր որդին այս պատմությունից չոր դուրս գա, Մարիամ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես 2008 թվականից եմ Հրազդանի ՕԵԿ կառույցի նախագահի պաշտոնից հիասթափվել ու դուրս եմ եկել: Ընդդիմություն էր գնում, հետո չգիտեմ՝ գնաց, դարձավ, չգիտեմ ինչ, ու ես այդպես դուրս եկա: Ինձ ասեց, թե պիտի աշխատեք մեր համար, ես էլ պատասխանել էի՝ չեմ պատրաստվում աշխատել իր համար: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ սա… ինքը այդ ժամանակ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, մի խոսքով, ես չեմ կարող ասել մի բան, ինչը հաստատ չգիտեմ: Բայց մտածում եմ, որ սա ուղղորդված գործ էր իմ որդու դեմ»:

Տիկին Մարիամն ակնարկում էր, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ձեռամբ է որդու նկատմամբ մեղադրանք առաջադրվել, սակայն հստակ մեղադրանք առայժմ դժվարացավ հնչեցնել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանին, ապա նրա անվան շուրջ աղմկահարույց պատմություններն այսքանով չեն ավարտվում: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ռաֆիկ Մաշադյանն ունեցել է մի քարտուղարուհի՝ Ստելլա անունով, որին ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքի է ընդունել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր որդու՝ Արթուր Այվազյանի միջնորդությամբ: Նշենք, որ Ավազյանը Սյունիքի մարզի Կապանի հարկային տեսչության պետն է:

Եվ, ահա, ամիսներ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունում աղմկալի կեղծ գործարքի դեպք բացահայտվեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Ռաֆիկ Մաշադյանի քարտուղարուհին՝ Ստելլան, ՀԴՄ կեղծ կտրոններ էր պատրաստել տվել եւ մարդկանց խաբել էր: Համենայնդեպս, այսպիսի գործընթացի բացահայտումից հետո Ստելլային հեռացրին աշխատանքից, սակայն քրեական պատասխանատվության չենթարկեցին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստելլան ասաց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, իսկ կեղծ կտրոնների մասին խոսք լինել չի կարող. «Չգիտեմ՝ ինչ բացահայտում է եղել, Դուք Ձեր տված տեղեկությունով շարժվեք, ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»: Ի դեպ, հավելենք, որ Ստելլան հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ իրեն ՀՀ ֆինանսների նախարարություն աշխատանքի է տեղափոխել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր որդին՝ Արթուր Այվազյանը:

Այսպիսով՝ մի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունը կեղծ գործարքների գնացող, հարկային պարտավորություններից խուսափող գործարարներին ընդհուպ մինչեւ կալանավորման գնով սնանկության եզրին է հասցնում, իսկ համակարգի ներսում կեղծ գործարքների գնացող պաշտոնյաները ջրից չոր են դուրս գալիս: Հետաքրքիր է՝ ո՞րն է Ռաֆայել Մաշադյանի «հմայքը», որ նրա բոլոր արարքների վրա աչք են փակում:

Քնար Մանուկյան




Լրահոս