Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նույն վարչական շրջանի 29-ամյա բնակիչ:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շիրազի փողոցում օգոստոսի 18-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ:
2015 թվականի օգոստոսի 18-ի երեկոյան, Երևան քաղաքի Շիրազի փողոցի 30-րդ հասցեի դիմաց մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որի ընթացքում վիճաբանության մասնակիցների մեկի կողմից գործադրվել է զենք՝ ատրճանակ: Նշված վիճաբանության ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով որովայնի շրջանում թափանցող վնասվածք է պատճառվել 1986 թ. ծնված Գ. Ասատրյանին։
Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը), 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է երկու պարկուճ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։