Սերժ Սարգսյանի նպատակը ցանկացած որոշման դեպքում բանալին իր ձեռքում պահելն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն ապահովող սահմանադրական փոփոխություններին սատարում Արեւմուտքը: Իսկ որ այս գործընթացը Սերժ Սարգսյանը սկսել է հենց Արեւմուտքի հավանությամբ եւ անթաքույց աջակցությամբ, կասկածից դուրս է:

Նախ՝ հենց ինքնին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները եւ մասնագիտական հանձնաժողովի ստեղծման որոշումը Սերժ Սարգսյանը ներկայացրեց 2013թ. սեպտեմբերի 4-ին՝ ԵՏՄ-ին անդամակցելու անսպասելի հայտարարության հաջորդ իսկ օրը, ինչը, բնականաբար, չէր կարող պատահականություն լինել: Փորձագիտական շրջանակներում դեռեւս այն ժամանակ խոսվում էր, որ ՍԴ փոփոխությունները նախաձեռնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է մեղմել Արեւմուտքի հակազդեցությունը, քանի որ հասկանում է, որ իր իշխանության երաշխավորը ոչ թե Ռուսաստանն է, այլ հենց Արեւմուտքը:

Եվ նոր սահմանադրության մշակման առաջարկությամբ Ս. Սարգսյանը փաստորեն Արեւմուտքին խոստանում էր, որ այսուհետ Ռուսաստանի «սապոգի» տակ էլ ավելի խորը մտած ՀՀ-ում Արեւմուտքը չի կորցնի իր շահերի պաշտպանության հնարավորությունը, քանի որ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքական կարեւորագույն որոշումների կայացումն այլեւս ոչ թե մեկ մարդու, այլ մի ողջ խորհրդարանի լիազորության շրջանակներում կլինի: Դե, իսկ խորհրդարանական ընտրություններում էլ ոչ առանց Ս. Սարգսյանի ստվերային աջակցության կանցնեն նաեւ զգալի թվով արեւմտամետ պատգամավորներ:

Բայց եթե այս հավաստիացումները Արեւմուտքի համար կարող էին գայթակղիչ լինել մինչեւ հունիսի 15-ը, երբ հրապարակվեցին նոր Սահմանադրության նախագծի 1-7 գլուխնեը, ապա դրանից հետո արդեն, երբ պարզ դարձավ, որ Ս. Սարգսյանը մշակել է այնպիսի տարբերակ, որ ցանկացած դեպքում որոշումների կայացման բանալին գտնվելու է բացառապես իր ձեռքում, Արեւմուտքը պետք է որ այս Սահմանադրության անցկացման հարցում իր շահագրգռության զգալի մասը կորցներ:

Ու թեեւ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած նախնական գնահատականով, ըստ էության, դրսեւորվեց որոշակի հիասթափություն, ընդհանուր առմամբ Արեւմուտքի աջակցությունը պահպանվում է: Եվ հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ, պատասխան է տալիս նոր Սահմանադրության 15-րդ գլուխը, որով սահմանվում է, որ «Վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վերաբերյալ հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»: Ահա, հենց այստեղ է թաղված շան գլուխը, եւ հենց այս կետի ներմուծման համար է իրականում Արեւմուտքը պահանջել Սերժ Սարգսյանից փոխել Սահմանադրությունը, որպեսզի ԵՏՄ-ին անդամակցության որոշման պարտադրումից հետո ՌԴ-ն չկարողանա նույնքան հեշտությամբ դա անել եւս մեկ անգամ՝ արդեն Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու կամ էլ նախկին ԽՍՀՄ-ի վերականգնման հավանական հեռանկարների դեպքում:




Լրահոս