ՀՖՖ նախագահից մինչև Սյունիքի մարզպետ. իշխանության հենասյուների պաշտպանության բանալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը իշխանության հենասյուն համարվողներից ոմանց համար այնքան էլ բարեհաջող չի սկսվել: Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին դաժանաբար ծեծեց Գորիսի բնակիչներից մեկին, օգոստոսի 15-ին ՀՖՖ նախագահը ծեծի ենթարկեց «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Ասեն Ավետիսյանին, նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից էլ ծեծի ենթարկվեց «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Ու չնայած բոլոր այս դեպքերով ապացուցված է, որ իշխանության սիրելիները կամ նրանց մտերիմները մարդ են ծեծել, սակայն նրանք բոլորն էլ «ջրից չոր դուրս եկան»:

Չպատժեցին

Նախ սկսենք ամենաթարմ դեպքից. օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը` Իզեբելլա Մելքումյանը, մեծ աղմուկ էր բարձրացրել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները առեւանգել են իր ամուսնուն եւ պահում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Պատճառն այն է, որ իր ամուսինը «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության համար գումար է պարտք եղել եւ Գառնիկը Արսենին ասել է, որ նա այդ գումարը Ռուբեն Հայրապետյանին պետք է վճարի:

Եվ, ահա, մի պարտքի պատճառով Արսեն Ավետիսյանը գանգուղեղային տրավմայով ու քթի կոտրվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Սպասվում էր, որ ծեծի ենթարկվածը մինչեւ վերջ կպայքարեր իր իրավունքների համար, բայց միջադեպից 5 օր անց՝ օգոստոսի 20-ին, Արսեն Ավետիսյանը հայտարարություն տարծեց, որ բողոք չունի Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ նրան պատժելու դեպքում վտանգված է իր ավիաընկերության գործունեությունը: Ասել է թե՝ հանուն բիզնես շահի Արսեն Ավետիսյանը զերծ մնաց իշխանության հովանավորյալին պատժելու համար պայքար մղելուց: Իրավապահներն էլ ձեռնամուխ եղան գործը փակելուն, որպեսզի ավելորդ աղմուկից խուսափեն: Իսկ գլխավոր հերոսը՝ «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, որը միջադեպից հետո լքել էր Հայաստանը եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ո՛չ ժամանեց Հայաստան, ո՛չ հարցաքննվեց: Թեման փակված է

Ընտանեկան վեճը՝ քաղաքական աղմուկի ֆոնին

Օգոստոսի 15-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին: Ակտիվիստը հայտնել էր, թե իր տանը նստած է եղել, երբ պատգամավորի թիմակիցները մտել են բնակարան, ծեծել են իրեն եւ իր կնոջը: Իսկ, ահա, ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատգամավորի թիկնապահներն ու մտերիմներն ընդամենը ցանկացել են հանդարտեցնել Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը, քանի որ վերջիններս տանը վիճել են եւ բարձրաձայն հայհոյել: Չի բացառվում, որ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը վաղուց էր կանգնել պատգամավորի թիմակիցների կոկորդին, եւ նրանք հարմար առիթ էին փնտրում: Ամեն դեպքում, տեղեկություն կա, որ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն ու Վահան Մարտիրոսյանի հարեւանները պատրաստվում են դիմել դատարան՝ ընդդեմ ակտիվիստի: Ստացվում է, որ նրան մի լավ ծեծի ենթարկելուց հետո էլ դեռ դատարաններ են տանելու, իսկ քաղաքական աղմուկը խնդրին ոչնչով չի օգնում: Սեդրակյանի թիկնապահներն ու մտերիմները միշտ ճիշտ են:

Ինչ է սպասվում Սյունիքի մարզպետի որդուն

Մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայնի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիմակիցների կողմից ծեծի էին ենթարկվել Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները: Հարությունը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը: Իսկ Տիգրանը պնդում է, որ որեւէ մեկին վնասվածք չի հասցրել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում Տիգրանին կալանավորեցին, եւ վերջինս շուրջ 1 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:

Բայց օրերս ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետի որդուն եւ Հարություն Զաքարյանին ենթարկել է դատահոգեբուժական փորձաքննության: Ինչպես գիտենք՝ մարզպետի որդին բանակից ազատվել է «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ախտորոշմամբ. այսինքն՝ հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացանք, որ ծեծի գործով տուժող Հարությունը եւս բանակից ազատվել է լուրջ առողջական խնդիրների պատճառով: Ուստի, եթե փորձաքննության արդյունքներով եւս մեկ անգամ հաստատվի մարզպետի որդու հոգեպես անհավասարակշիռ լինելու փաստը, ապա նրա կողմից կատարված գործողությունները քննչական մարմինը կմեղմացնի՝ հաշվի առնելով առողջական խնդիրը:

Իսկ եթե Հարությունի դեպքում էլ հաստատվի, որ նա եւս առողջական խնդիրներ ունի՝ հոգեկան անհավասարակշիռ դրսեւորումներով, ապա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, նրա տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ կդրվի՝ այդպիսով մարզպետի որդուն ազատելով պատասխանատվությունից կամ գոնե մեղմելով այն:

Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ռեզինի պես առաձգական է. այն կարող է խիստ դատել նրան, ում ՀՀ իշխանության ներսում համարում են հանցագործ, եւ կարող է արդարացնել իրական հանցագործին՝ ցանկացած, այդ թվում «գժի թղթի», պարտադրված «զադնիի» եւ այլ հիմնավորումներով: Շատ ապահովված երկրում են ապրում Սերժ Սարգսյանի թիմակիցները, իսկ ՀՀ շարքային քաղաքացին պետք է զգուշանա, որ ցանկացած պահի կարող է կորցնել տեսողությունը կամ ունեցվածքը:

Քնար Մանուկյան




Լրահոս