«Հայաստանի էլեկտրական ցանցերի»-ի աշխատակիցները մանր եւ միջին ձեռնարկություններին ինչ-որ փաստաթուղթ են տալիս ստորագրել: Ըստ այդմ, ձեռներեցներն այդպիսով ընդունում են, որ տեղեկացված են, որ էլէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 7 դրամով թանկացել է, այսինքն՝ այլեւս պարտավորվում են բարձր սակագնով վճարել: Այս խնդրի առնչությամբ երեկ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ նշված փաստաթուղթը կազմված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիման վրա:
Իսկ ստորագրվող փաստաթուղթը հանդիսանում է սպառողի եւ ՀԷՑ-ի միջեւ կնքված հիմնական պայմանագրի հավելված, կազմվում է երկու օրինակից, մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը ՀԷՑ-ի աշխատակիցները ստորագրված վերցնում են իրենց մոտ` ընկերության համապատասխան բաժնին ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ստանալ էլէներգիայի հուլիսի հաշիվների` սովորականից շեշտակի, երբեմն նույնիսկ կրկնակի ավել լինելու մասին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Վերջինս ասաց. «Ես խորհուրդ եմ տալիս, որ նմանատիպ դեպքերում դիմեն մեր հանձնաժողով: Հավելագրումների մասով հանձնաժողովը տարվա ընթացքում ստանում է բողոքներ, բայց կոնկրետ հուլիս ամսվա մասով չենք ստացել: Խոստանում եմ, որ անպայման հետամուտ կլինենք եւ կփորձենք խնդիրը շտկել»: