Իմ ընտրյալը պետք է իմ խառնվածքի տեր անձնավորություն լինի. Անի Քրիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ երգչուհի Անի Քրիստին, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այցելել է հայրենիք: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է վերադարձին ուղեկցող զգացումների, ամերիկյան կենսակերպի, այնտեղի գործունեության մասին: Երգչուհին զրուցել է նաեւ նոր համագործակցությունների եւ սպասվող համերգի մասին: Նա անդրադարձել է նաեւ անձնական կյանքին` շեշտելով, որ իր ընտրյալը, միանշանակ, պետք է հայ լինի:

-Անի՛, եթե չեմ սխալվում` երկու տարի էր, ինչ Երեւանում չէիք եղել. այս ընթացքում ի՞նչն է մեր քաղաքում փոխվել:

-Այս ընթացքում շատ բան չի փոխվել, պարզապես, գալով այստեղ` ես տեսա ավելի գեղեցիկ շինություններ եւ մարդաշատ փողոցներ:

-Ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էիք, որ 16 տարի Ձեր մայրիկի հետ նույն քաղաքում չէիք եղել. ինչպե՞ս էր այդպես պատահել, կմանրամասնե՞ք: Մայրիկի հետ հոգեւոր կապը, թերեւս, ամուր է, այո՞:

-Մայրս ապրում է Բրյուսելում, նախորդ տարի նա 15 տարվա ընդմիջումից հետո եղել էր Երեւանում, սակայն ես իր հետ չէի: Արդեն այս տարի ես Լոս Անջելեսից, մայրս Բրյուսելից մեկնեցինք Երեւան եւ հանդիպեցինք: Իհարկե, ես նրան շատ եմ այցելել Բրյուսելում, սակայն Երեւանում մեր հանդիպումը կայացավ 16 տարվա ընդմիջումից հետո: Եվ, անկախ մեզ բաժանող տարածությունից, իմ ու մայրիկիս միջեւ հոգեւոր կապն ուժեղ է:

-Երեւանում նոր երգերի ձայնագրությամբ զբաղվո՞ւմ եք: Մենահամերգի մասին մտածո՞ւմ եք, իսկ երկրպագուների հետ հանդիպում կլինի՞:

IMG_0329_ts1323253798

-Այստեղ ձայնագրություններ եղել են եւ դեռ լինելու են: Համերգ պլանավորում եմ ունենալ հաջորդ տարի` կապված բեմական գործունեության եւ 30-ամյակիս հետ: Համերգի խորագիրը, թերեւս, կլինի «Անին եւ ընկերները». տեսնենք` ինչպես կստացվի: Իսկ երկրպագուների հետ հանդիպում, չգիտեմ, որքանով կստացվի կազմակերպել, բայց մյուս տարի անպայման կլինի:

Անի՛, ամերիկյան միջավայրում ապրելուց եւ աշխատելուց հետո կա՞ մի փորձառություն, որը կուզենայիք բերել Հայաստան: Առհասարակ, մտածում եք այնտե՞ղ, թե՞ այստեղ հաստատվելու մասին:

-Փորձառությունը` կախված հասունության հետ, ինձ հետ է ամենուր` անկախ բնակության վայրից: Թե ինչ կլինի հետո, ոչինչ ասել չեմ կարող, բայց որ սիրում եմ իմ հայրենիքն ու իր հետ կապված ամեն բան, դա հստակ է:

-ԱՄՆ-ում հետաքրքիր, օրինակ` որեւէ դուետով հանդես գալուն առնչվող առաջարկներ լինո՞ւմ են: Այնտեղ Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Իսկ Հայաստանյան շուկայի հետ աշխատելը դեռ հետաքրքի՞ր է:

aniqristinews1

-Դուետի առաջարկ ունեմ. արդեն ավարտին ենք հասցնում Արա Մարտիրոսյանի հետ մեր զուգերգի ձայնագրության աշխատանքները. այն շուտով հասու կլինի լսարանին: Իսկ այնտեղ հնարավորություններս կախված են իմ աշխատասիրությունից միայն…Ինչ վերաբերում է հայաստանյան շուկա ասվածին, ապա ես այն որպես այդպիսին չեմ ընկալում. փոխարենը ավելի լավ ընկալում եմ տաղանդավոր մարդկանց փոքրիկ աշխարհ հասկացությունը:

-Իսկ առաջիկա տարիներին կցանկանաք ԱՄՆ-ո՞ւմ ապրել, թե՞ Հայաստանում: Որտե՞ղ եք տեսնում Ձեր ապագան:

-Այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել:

Ամերիկացի տղամարդկանց մեջ կա՞ մի բան, որը գրավում է Ձեզ, կամ հակառակը` վանում: Ձեզ համար կարեւո՞ր է, որ Ձեր ընտրյալը հայ լինի: Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է նա օժտված լինի:

-Իմ ընտրյալը, միանշանակ, պետք է հայ լինի, իմ խառնվածքի տեր անձնավորություն. այլ կերպ լինել չի կարող: Իսկ թե որտեղ կհանդիպեմ նրան, դա կարեւոր չէ: Կարեւորը` տվյալ մարդու հետ ճիշտ, հասուն, ներդաշնակ կյանքով ապրելն է:

-Ձեր երգերից մեկում ասում եք` «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից…»: Կարողացե՞լ եք Ձեզ համար այդ մաքուր էջը բացել, ամեն ինչ նորից սկսել… Այդ հարցում Ձեզ ինչ-որ մեկն օգնո՞ւմ է:

-Ամեն օր իր գալստի հետ բերում է նոր, մաքուր էջ ու նոր էմոցիաներ: Ես կարողանում եմ զգալ եւ վայելել կյանքի գույներն ու երանգները` անկախ այն հանգամանքից` դրանք գորշ են, թե մռայլ: Սա է մեր կյանքը, եւ դրա համար մեզ պետք չեն լրացուցիչ օգնություններ: Ամեն մարդ ինքն է իր բժիշկն ու փրկիչը. պարզապես պետք է հասնել դրան ինքնաճանաչողության շնորհիվ: Ես սիրում եմ կյանքը` իր բոլոր վայրէջքներով եւ վերելքներով. դրանք ինձ իսկական մարդ դարձրին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս