Նախագահի հրամանագիրը չի կատարվել. ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծ, ոչ թե բարեփոխման մասին նախագիծ. ՍԴ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցանկացած երկիր Սահմանադրություն և օրենքներ ընդունելուց պետք է առաջնորդվի իր երկրի Սահմանադրական մշակույթով, սովորույթներով և այդ հանգամանքը միտված պետք է լինի տվյալ պետության ժողովրդավարության ամրապնդմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը:

Նրա խոսքով` 1995-ին ընդունված առաջին Սահմանադրությունը հակաօրինական էր: «Որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր, որում նշված է, որ Հայաստանի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը պատկանում է Գերագույն խորհրդին, որ ՀՀ ունի անվտանգության պահպանման համար ստեղծված Գերագույն խորհրդին ենթակա ուժեր: Այն ժամանակ այդ մարմինը Գերագույն խորհուրդ էր կոչվում, հիմա՝ Ազգային ժողով»,-նշեց նա:

Կիմ Բալայանի կարծիքով` նախագահի հրամանագիրը՝ ստեղծել մասնագիտական հանձնաժողով սահմանադրական բարեփոխումների համար, ըստ էության, չի կատարվել, քանի որ ներկայացվեց նախագիծ նոր Սահամանդրության վերաբերյալ:

«Ես ճանաչում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին, նրանք լուրջ մասնագետներ են, բայց նրանց կողմից ներկայացված նախագծում բարեփոխման մասին խոսք չկա, ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծ, ոչ թե բարեփոխման մասին նախագիծ: Իրավական տեսակետից սա սահմանադրական բարեփոխումների նախագիծ չէ, այլ` նոր սահմանադրության: Հետևությունները թողնում եմ ձեզ»,-հավելեց ՍԴ անդամը:

Վերջինիս պնդմամբ, ի տարբերություն նախորդ և գործող սահմանադրությունների՝ ներկա սահմանադրական բարեփոխումների նախագիծն ամբողջությամբ օրինական է և մեկ քայլ առաջ, միտված՝ ժողովրդավարության ամրապնդմանը:




Լրահոս