Ուկրաինայի պատգամավորները ԵԽԽՎ նիստի ժամանակ սկանդալ են բարձրացրել. ինչ է պատմում Նաիրա Զոհրաբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովում սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում են պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը մի քանի պատգամավորների հետ այցելել է Ղրիմ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, ըստ մեր տեղեկությունների, «թեժ» է եղել: Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ բանավեճեր են եղել եւ ի՞նչ թեմաների շուրջ:

-ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը սկսվեց սկանդալով: Ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում էին պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը անտեսելով Ուկրաինայի օրենքները, առանց իշխանությունների թույլտվության՝ Ֆրանսիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ այցելել էր Ղրիմ: Սակայն հանձնաժողովի նախագահ Մարիանին նիստին չէր մասնակցում, Ուկրաինայի պատվիրակները նիստի ժամանակ ուղղակի բղավում էին, որ նա վախեցել է իրենց հետ առերեսումից ու դրա համար չի եկել հանձնաժողովի նիստը նախագահելու: Բանն այն է, որ հանձնաժողովը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ Ռենե Ռուքեն, իսկ ուկրաինացիներն էլ պահանջում էին հանձնաժողովում քվեարկության դնել Մարիանիի հանդեպ սանկցիաներ կիրառելու հարցը: Ավելին՝ ուկրաինական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ Ուկրաինայի դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Իսկապես, շատ թեժ մեկնակեց նիստը:

-Իսկ ինչպե՞ս լուծվեց խնդիրը, ինչպե՞ս կարողացան ուկրաինացի պատգամավորներին հանդարտեցնել, արդյո՞ք վիճաբանությունը որեւէ լուծում գտավ:

-ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության պատգամավորներն անդրդվելի էին, նրանք ամբողջ նիստի ընթացքում պնդեցին իրենց դիրքորոշումը՝ հայտարարելով, որ պետք է պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահին: Սակայն նա հանձնաժողովի նիստին ներկա չէր, ուստի չեմ կարող ասել, թե ինչպես է լուծվելու խնդիրը:

-Դուք եւս հարց եք բարձրացրել` կապված ՀՀ եւ ԼՂՀ սահմանում տիրող լարված իրավիճակի հետ: Ինչպե՞ս են արձագանքել ԵԽԽՎ պատգամավորները՝ արդյո՞ք նրանք կարծում են, որ նախահարձակ կողմն իսկապես Ադրբեջանն է:

-Ես ներկայացրել եմ վերջին օրերին սահմանային լարվածության հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն անցել է բացարձակ, լկի ագրեսիայի, եւ արդեն ծանր զինատեսակներով ռմբակոծում են հայկական գյուղերը: Հիշեցրել եմ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հայտարարությունը, որ հայկական այն տարածքները, որոնք ինչ-որ մի զինատեսակով կկրակեն, իրենց կողմից կռմբակոծվեն: Այնուհետեւ հիշեցրի Ալիեւի ցինիկ հայտարարությունը, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում քարը քարի վրա չմնա: Ու նաեւ ԵԽԽՎ-ից պահանջեցի, որ ոչ թե աջակցեն Վոլտերի խայտառակ զեկույցի աշխատանքներին, որի իրական նպատակը հասկանալի է բոլորին, այլ պատվիրակություն կազմեն ու գան ՀՀ` տեսնելու համար, թե ինչ է կատարվում սահմանին ու գյուղերում: Նիստը նախագահող Ռենե Ռուկեն նշեց, որ իմ կողմից բարձրացված հարցը շատ մտահոգիչ է, ու ճիշտ կլինի, որ մենք սեպտեմբերի 28-ին մեկնարկող նստաշրջանում այդ հարցով դիմենք ԵԽԽՎ ղեկավարությանը` ներկայացնելով իրավիճակը:

-Իսկ հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են վերաբերում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին:

-Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ես ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ իրավիճակը, նաեւ այն, ինչ ես տեսել եմ Տավուշի մարզում անձամբ` օրերս մի գործընկերների հետ այնտեղ լինելով: Ու կրկին խնդրեցի Վոլտերին՝ չօգնել գրելու մի զեկույց, որի իրավասությունը ԵԽԽՎ-ն չունի, այն է՝ զբաղվել հակամարտությունների լուծման աշխատանքներով: Փոխարենը խնդրեցի գալ ու տեսնել, թե ինչ է կատարվում այդ գյուղերում, ու թե ինչպես է Ադրբեջանն արդեն անցել բացահայտ ագրեսիայի: Նշել եմ նաեւ, որ հետագա բոլոր հնարավոր զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Իսկ հայկական կողմը նման դեպքերում տվել ու տալու է համարժեք պատասխան: Ես մանրամասնորեն ներկայացրել եմ հայկական գյուղերում ապրող բնակիչների վիճակը ու բացատրել, թե իրականում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի վրա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս