Ինչ բովանդակությամբ տեսանյութեր են տարածվել Իջևանի քաղաքապետի թեկնածուի անվան շուրջ. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում, տեղադրվեցին Յութուբից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջեւանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձեւով: Այդ տեսանյութերից 1-2-ում վիրավորանք կար նաեւ Վ. Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի հասցեին: Ներկայումս այդ տեսանյութերը Յութուբում ջնջվել են:

Սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախօրյակին Վ. Ներսիսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն վարկաբեկող  տեսանյութերի հեղինակներին բացահայտելու նպտակով ինքը դեռ օրեր առաջ բանավոր դիմել է ոստիկանություն, իսկ առաջիկայում նաեւ գրավոր է դիմելու: Երեկ «Ժողովուրդը» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերը նշված տեսանյութերի կապակցությամբ ո՛չ Վ. Ներսիսյանը, ո՛չ էլ Ն. Խաչիկյանը գրավոր չեն դիմել ոստիկանություն:

Ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը, ով հայտնել է, որ այս տարվա ապրիլին «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության պատրաստած մի տեսանյութում անհայտ անձանց կողմից իր խոսքը խեղաթյուրվել է, եւ այդ չարամիտ մոնտաժը Իջեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղադրվել է համացանցում: Ոստիկանության Իջեւանի բաժինը Գ. Գուլակյանի դիմումի կապակցությամբ ստուգումներ է կատարում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս