Շնորհավո՛ր բոլորիս տոնը. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը:

«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Անկախ պետականության վերանվաճումը հայ ժողովրդի հավաքական կամքի իրականացումն էր: Դյուրին չէր անկախության ուղին, բայց մենք այն անցանք պատվով:

Ընթացիկ տարին բավականին հագեցած է՝ Հայաստանի և համայն հայ ժողովրդի համար: Մենք՝ քաղաքակիրթ աշխարհի հետ միասին, ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայկական դիվանագիտությունը քայլեր է ձեռնարկում` համախմբելու ցեղասպանություն հանցագործության դեմ ուղղված միջազգային ջանքերը:

Հայաստանը շարունակում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային ամենատարբեր ձևաչափերում. օրեր առաջ ստանձնեցինք ՀԱՊԿ նախագահությունը, ի թիվս այլ միջոցառումների` հոկտեմբերին հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը, որի շրջանակներում շուրջ ութսուն օտարերկրյա պատվիրակություն է ժամանելու Հայաստան:
Մենք շարունակելու ենք մեր ծառայությունը բոլոր այն վայրերում, որտեղ շոշափվում է Հայաստանի և հայ ժողովրդի շահը:

Շնորհավո՛ր բոլորիս տոնը:
Շնորհավո՛ր Անկախության օր»:




Լրահոս