Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լարված իրավիճակ է տիրում, սակայն իշխանության ներկայացուցիչներին դա չի խանգարում քեֆ անել:
Այս պահին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունենում Կարեն Կարապետյանի (նախկին «Հայռուսգազարդ»-ի նախկին ղեկավար) որդու` Տիգրանի հարսանիքը: Այս արարողությանը մասնակցելու նպատակով նույնիսկ արտասահմանում ապրող օլիգարխներն ու հայտնի մարդիկ են ժամանել Հայաստան: Ի դեպ, «Ֆլորենս» ռեստորանային համալիրը պատկանում է հենց Կարեն Կարապետյանին, որը կառուցվեց նրա դստեր հարսանեկան արարողությունը այնտեղ անցկացնելու համար:
Armlur.am-ի ֆիքսած կադրերը ցույց են տալիս հարսանիքի էլիտար հյուրերին, որոնց թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բնականաբար, այնտեղ է նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը սիրով ողջագուրվում է «Տաշիր» գրուպի սեփականատեր, մոսկվայաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի հետ: Հիշեցնենք, որ Ծառուկյանը հենց նրան է պարտական, որ Սերժ Սարգսյանը իրեն վերջնականապես չոչնչացրեց:
Հիմա դառնանք ուրախ տրամադրությանը. իհարկե, իշխանության ներկայացուցիչները կարող են զվարճանալ, քեֆ անել, պարել, բայց մի տեսակ «սիրուն չի», երբ սահմանին զինվորներ են զոհվում, իշխանական էլիտան խրախճանքի մեջ է եւ դեռ տրամադրություն ունի` պարելու:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին երեկ զոհվեցին չորս զինծառայողներ և վիրավորվեցին 16-ը: Իսկ ՀՀ նախագահը հարսանիքից ընդամենը մի քանի ժամ առաջ ցավակցական խոսքեր ուղղեց զոհվածների հարազատներին ու Ադրբեջանին պատժելու հերթական վճռական հայտարարությունն արեց:
Ամեն դեպքում, մենք երջանկություն ենք մաղթում նորապսակներին: