Բավականին տարողունակ ելույթ էր, դա պետք է արժանիորեն արձանագրել: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, այս մասին նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Բավականին կարևոր շեշտադրումներ կային, խոսվեց գլոբալ խնդիրների մասին: Անչափ կարևոր եմ համարում, որ ելույթում առաջին տեղում Ցեղասպանությունն էր և բոլոր պետություններին կոչ արվեց ճանաչել և դատապարտել այն», – ասաց նա:
Որպես ելույթի հաջորդ կարևոր բաղադրիչ Իսագուլյանն առանձնացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող խոսքերը: Իսագուլյանի խոսքով` հիշեցվեց, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ռազմաքաղաքական որոշում կայացնելու իրավունքն արդեն ստացել են:
«Մյուս քաղաքական խնդիրներին ևս անդրադարձ եղավ: Իմ կարծիքով, սրանք բոլոր կարևորագույն հարցերն էին: Այն ժամանակը, որ տրված էր ելույթի համար, պետք է տեղավորվեր և այդ ժամանակի մեջ ասվեց ամենակարևոր խնդիրները, որոնք առկա էին, և որոնց մասով Հայաստանն անելիքներ ուներ», – եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: