Հայաստանում պետական պաշտոնյաներն ու նրանց կանայք գրեթե միմյանց չեն զիջում իրենց կուտակած դրամական միջոցներով: Նույնիսկ պաշտոնական տեղեկություններում շատ հաճախ դժվար է լինում թաքցնել դրանք:
Հայաստանում բոլորը խոսում են կոռուպցիայի, դրա դրսևորումներից մեկի՝ կաշառակերության մասին, բայց փաստացի օրինակներով դեպքերի բացահայտումները բավականին քիչ են: Եվ մեծ խելք պետք է ունենալ՝ հասկանալու համար, թե ինչպես են հարստանում չինովնիկները հայրենի իրավապահ մարմինների լուռ համաձայնության ներքո:
Պետական պաշտոններ զբաղեցնելով նրանք կարողանում են այդ ընթացքում մեծ հարստություն կուտակել: Վառ օրինակ է Հայաստանի էներգետիկ համակարգի այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուներից մեկը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով 2003թ. հուլիսի 2-ից մինչեւ օրս նույն պաշտոնն է զբաղեցնում: Իսկ մինչ այդ՝ 2001թ. հունվարից մինչեւ 2003թ. հունիսը, եղել է Երեւանի քաղաքապետը:
Նա պաշտոնապես ստանում է տարեկան մոտ 10 մլն դրամի եւ 8,300 դոլարի աշխատավարձ: Բայց տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա դրամական միջոցներն, ըստ 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի, կազմում են 9 մլն դրամ եւ 110 հազար ԱՄՆ դոլար: Հարուստ է նաեւ Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլանա Խառատյանը: Նա 2 մլն դրամի եւ 300 հազար ԱՄՆ դոլար կարողություն ունի: Տիկինը նաեւ փոխառություններ ունի. վարկերի դիմաց ստացված տոկոսը կազմում է 24 հազար 450 ԱՄՆ դոլար:
Ինչպե՞ս վարվել նման պաշտոնյաների հետ: Արդյո՞ք նրանք իրավունք ունեն պետության միջոցների հաշվին հարստանալ եւ շարունակել զբաղեցնել բարձր պաշտոններ: «Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցեց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ՝ հասկանալո համար՝ ինչպես կարող է պետական պաշտոնյան, բիզնեսով չզբաղվելով, միլիոններ կուտակել, եւ այս դեպքում իրավապահ մարմիններն ինչ քայլերի պետք է դիմեն:
Եղիազարյանը կարծիք հայտնեց՝ եթե իրավապահ մարմինները, այս դեպքում՝ դատախազությունը, իր գործով զբաղվի՝ բացահայտի եւ համապատասխան միջոցներ ձեռք առնի, ապա օրինախախտումներ չեն լինի: «Եթե օրենքով նախատեսված չէ, որ պաշտոնյան բիզնեսով զբաղվելու իրավունք ունի, ապա իրավապահները պետք է զբաղվեն բոլոր այն մարդկանցով, ովքեր օրինախախտներ են: Այս դեպքում կոնկրետ դատախազությունը պետք զբաղվի, ուղիղ դատախազությունը: Քննչական կոմիտեն դրա հետ գործ չունի, այն նախաքննություն է իրականացնում: Դրանում ուղիղ պետք է զբաղվի դատախազությունը»,-նշեց նա:
Դե ինչ, մնում է սպասել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությանը:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան