Այս տարվա գարնանից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալված քննարկումների ընթացքում այդպես էլ որեւէ պարզաբանում չտրվեց այն հարցին, թե ՀԷՑ-ում կորուստներն ինչու են այդքան մեծ՝ 12-ից 13 տոկոս տարեկան, կամ նույն է թե՝ 30-35 մլն դոլար: Ի դեպ, կորսված էլէներգիայի ընհանուր չափը հաշվարկել ենք ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի գնման միջինացված գնով՝ 1 ԿՎտ/ժ-ը 21 դրամով: Բայց ինչպես հայտնի է՝ «Հրազդան ՋԷԿ» եւ «5-րդ էներգաբլոկի» արտադրած եւ ՀԷՑ-ին մատակարարած էլէներգիան մոտ կրկնակի թանկ է:
Վաղուց լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ի պաշտոնապես արձանագրվող կորուստների կեսն է իրական, իսկ մնացածը էներգետիկ համակարգից գումարներ հափշտակելու ինչ-որ սխեմայի գործունեության արդյունք է: Ըստ լուրերի՝ էներգետիկ համակարգից գումար հափշտակելու երկու սխեմա է գործում, մեկի էությունը կայանում նրանում, որ էլէներգիան սպառողին մատակարարվում է առանց պաշտոնական արձանագրության եւ կանխիկով: Արդյունքում, սպառողների վճարած գումարները գնում են ինչ-որ մարդկանց գրպաններ, իսկ նրանց սպառած էլէներգիան գրանցվում է որպես կորուստ: Նախկինում մենք առիթ ունեցել ենք այս սխեմայի գոյությունն ապացուցող փաստեր ներկայացնել, մասնավորապես մեր ձեռքի տակ փաստեր էին հայտնվել այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանի մի ամբողջ թաղամասի բնակիչները եւ ձեռնարկությունները սնվում են տեղում գտնվող կայանից ու դիմացը վճարում կանխիկով:
Ինչպե՞ս գողանալ միլիոն
Երկրորդ սխեմայով ուռճացվում է փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիան: Այսինքն՝ ՀԷՑ-ում այս կամ այն ՓՀԷԿ-ի մատակարարած էլէներգիայի չափը իրականից զգալի, երբեմն անգամ կրկնակի ավել է գրանցվում: Բնականաբար ՀԷՑ-ի հաշվից գումարը դուրս է գրվում գրված էլէներգիայի ողջ ծավալի համար, պակասող էլէներգիան մեխանիկորեն դառնում է կորուստ: Արդյունքում, ՓՀԷԿ-երի տերերը եւ ՀԷՑ-ի կոնկրետ պաշտոնյաներ այս ճանապարհով տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակում: Այս սխեմայի գոյությունն ապացուցող փաստեր գտնելու բոլոր փորձերը, մինչ վերջերս, ապարդյուն էին անցնում, քանի որ այն ձեռնտու է դրանում ներգրավված բոլոր կողմերին: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ այս սխեմայի խաղացողներից մեկի հետ կապված ՀԷՑ-ի ներսում խնդիրներ են առաջացել, եւ այժմ պաշտոնապես արձանագրվել է, որ փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիան կարող է իրականից ավել գրվել: Դեպքը կապված է եղել «Սիարփի» ՓՀԷԿ-ի հետ, որը, ինչպես պարզվում է, պատկանում է ՀԷՑ-ի իրացման տնօրենի՝ այժմ արդեն նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին:
Այս պատմության հետ կապված ՀԷՑ-ին հասցեագրված մեր հարցմանը տրված պատասխանում նշված է. ««ՀԷՑ»-ի կողմից նշանակվել է ներքին հետաքննություն դրվածքային հզորության սխեմայի եւ հաշվառման համակարգի ստուգաչափման հստակեցման նպատակով: Արդյունքում ընկերության աշխատակիցների ու անվտանգության եւ վերահսկողության տնօրինության կողմից բացահայտվել են զգալի թերություններ, որոնք հանգեցրել են նշված («Սիարփի») ՀԷԿ-ի էլէներգիայի գնման ծավալի մեծացմանը: Պարզվել է նաեւ «ՀԷՑ» իրացման տնօրենի տեղակալ Արսեն Գաբրիելյանի «Սիրարփի» ՓՀԷԿ-ի փոխկապակցվածության փաստը: Հետաքննության արդյունքում Ա. Գաբրիելյանն ու էլէներգիայի ավտոմատացված հաշվառման եւ հսկման բաժնի պետ Ռուդիկ Պիվազյանը հեռացվել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման աշխատանքից»: Չնայած ՀԷՑ-ի պատասխանում չի հստակեցվում, թե որքան գումար է հավելագրվել, որը այժմ նշված ՀԷԿ-ը պետք է վերադարձնի, բայց մեր տեղեկություններով՝ միայն այս տարվա կտրվածքով խոսքը գնում է 100 միլիոն դրամի մասին: Ի դեպ, ըստ ՀԷՑ-ի՝ այս դեպքից հետո ՀԷՑ-ը սկսել է ստուգել եւ գույքագրել ՓՀԷԿ-երի հետ կնքված պայմանագրերը: «Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվել 51 փոքր ՀԷԿ-երում (անհրաժեշտության դեպքում հստակեցվում են պայմանագրում նշված պարամետրերը, փոխարինվում են հաշվառման սարքերը)»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում: Ամեն դեպքում այս դեպքով ապացուցվեց այն հանգամանքը, որ համակարգը թույլ է տալիս, որ թվերն արհեստական փոխվեն: Իսկ թե ով է այդ բացն իր օգտին օգտագործում, մեր՝ սպառողներիս տեսանկյունից էական չէ:
գողի ձեռքը բռնող չկա
«Սիարփի» ՀԷԿ-ի հետ կապված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եւս վարչական վարույթ է հարուցվել, որը այժմ քննարկման փուլում է: Ենթադրվում է, որ առաջիկայում ՀԾԿՀ-ն նշված ՀԷԿ-ին ինչ-որ տույժի կենթարկի: Բայց մեր՝ սպառողներիս տեսանկյունից կարեւորը, ոչ թե այս կամ այն ՀԷԿ-ին տուգանելն է, այլ որպեսզի մեզ չթալանեն: Իսկ ՀԷՑ-ի կորուստների արհեստական ուռճացումից հենց սպառողներն են տուժում: Բանն այն է, որ այդ կորուստները ներառվում են էլէներգիայի սակագնի մեջ: Այսինքն՝ ի սկզբանե կորցնողը ՀԷՑ-ն է, բայց վերջնահաշվարկում դրա համար վճարում է սպառողը: Հենց այդ պատճառով էլ այս սխեման տարիներ շարունակ անխափան գործել է, քանի որ այն ձեռնտու է դրանում ներգրավված բոլոր կողմերին:
ՀԾԿՀ-ից փորձեցինք պարզել, թե մինչ օրս արդյո՞ք որեւէ քննություն, հատուկ ստուգում-հետազոտություն անցկացվել է՝ պարզելու համար, թե ՀԷՑ-ի կողմից ներկայացվող կորուստները, որքանով են իրական եւ էներգետիկ համակարգի օբյեկտիվ վիճակով պայմանավորված: Մեզ տրված պատասխանից պարզվում է, որ նման հատուկ ստուգում չի իրականացվել, քանի որ ըստ ՀԾԿՀ-ի՝ «Հաշվառման համակարգը շուկայի մասնակիցների կողմից պարբերաբար ենթարկվում է տարաբնույթ ստուգումների՝ հնարավոր խախտումները բացառելու համար»: Բայց, ինչպես արդեն նշել ենք, նշված սխեմայի գոյությունից շահում են հենց «շուկայի մասնակիցները», ուստի հասկանալի է, որ նրանք իրենց կերակրող ձեռքը չեն կտրի: Մարդկանց մի խումբ, որ հիմնականում ՀՀ կառավարման համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցնում, այս ճանապարհով հավելյալ իրենց գրպանն են դնում 15-ից 20 մլն դոլար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ