Խաչիկ Խաչատրյանը դատարան չներկայացավ՝ թեև ծանուցվել էր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:

Ապա նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը՝ վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: Օրաթերթի հաշիվները ամիսներ շարունակ արգելանքի տակ են:

Ու քանի որ այս մասով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող, գործով հայցվոր Սոնա Գրիգորյանը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ուստի բողոքարկել է վճիռը եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցը:  Այսօրվա դատական նիստը, դատավոր Արթուր Սմբատյանի նախագահությամբ, դատավորներ Ալվարդ Հունանյանի և Լևոն Գրիգորյանի մասնակցությամբ  հետաձգվեց: Գործարար Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան չէին եկել, նախագահողը հայտարարեց, որ պատասխանող կողմը պատշաճ չի ծանուցվել, ավելի ճիշտ ծանուցագիր-նամակը հետ է վերադարձվել, մերժվել է: Հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած անտրամաբանական որոշմանն անդրադարձել է նաեւ Օմբուդսմենի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ ընդդեմ դատավոր Ներսիսյանի:

Օմբուդսմենի գրասենյակը կարծում է, որ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտությամբ պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ, Օմբուդսմենը նկատում է, որ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել:

Նշվածը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանը դատարանին չի ներկայացրել զրպարտության պատճառով իրեն պատճառված վնասը հստակորեն հիմնավորող փաստեր և համապատասխանաբար այդ փաստը հավաստող ապացույցներ, այլ պարզապես դատարանից պահանջել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող զրպարտչական տեղեկություններ տարածելու համար օրաթերթից բռնագանձել 2 մլն դրամ, իսկ վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելու համար՝ 1 մլն  դրամ՝ որպես փոխհատուցում։ Բայց հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, թե ինչո՞ւ առաջինը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Իսկ դատարանի կայացրած վճիռը չի պարունակում դատարանի որևէ եզրահանգում կամ կարծիք վերը նշվածի վերաբերյալ:

Հիմա մնում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամները ընդառաջեն ՄԻՊ դիմումին: Մենք հետևողական կլինենք խնդրին:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս