Տավուշի մարզի դատարանները լի են մարտական ծառայության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցած հանցագործությունների քրգործերով: Հարց է ծագում, թե ուր էին սպաները, որոնք պարտավոր էին հսկողություն սահմանել իրենց ենթակաների հանդեպ: Ժամկետային զինծառայող, Երեւանի բնակիչ, 1993թ. ծնվ. Հովհաննես Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա, լինելով զորամասի կապի հանգույցում ռադիոհաղորդավար, 2012թ. հոկտեմբերի 15-ին ռադիոորսման կետում այդ կետի ավագ, պայմանագրային զինծառայող Արմեն Դավիդովի հետ հացկերույթի ընթացքում ոգելից խմիչք օգտագործելուց հետո փաստացի ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, չնչին պատրվակով՝ իր երդմանը չհավատալու պատճառով, 2-3 անգամ հարվածել է Դավիդովի դեմքին, ապա դանակով հարվածել նրա ձախ կրծքավանդակին եւ ձախ ոտքին, ինչը ծանր հետեւանքներ է առաջացրել: Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվ. 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Մելիքսեթյանը կալանավորված է: Իսկ Արմեն Դավիդովին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա, լինելով զորամասի ռադիոորսման կետի թարգմանիչ, խախտել է մարտական ծառայության կրման կանոնները, պարբերաբար թողել է ռադիոորսման կետի տարածքը, գնացել մոտակա Արծվաբերդ գյուղ: Դավիդովի պարբերական եւ տեւական ինքնակամ բացակայությունների պատճառով ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծվել: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 365 հոդվ. 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), որով նախատեսվում է կարգապահական զորամասում պահել՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Դավիդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական հերթական նիստը նշանակված է մարտի 13-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ