շարունակում է աճել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երեւանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։
Ներկայումս հանրապետության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում մարզերում`սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ, իսկ թոքաբորբերի թեթեւ ձեւերով` 90 հիվանդ,Երեւանում`սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ, թոքաբորբի թեթեւ ձեւերով` 89 հիվանդ:
Երեւանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, 25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։Հանրապետությունում շրջանառում են նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Հաշվի առնելով գրիպի եւ սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաեւ ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում եւ հիշեցնում է.
 1. Գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
 2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման եւ նոր դեպքերի առաջացման ու տարածման
 3. Չշփվել գրիպանման երեւույթներով անձանց հետ
 4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
 5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
 6. Պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը
 7. Խստորեն հետեւել անձնական հիգիենային
 8. Հագնվել եղանակին համահունչ
 9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:




Լրահոս