Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 21-ին Բուխարեստում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ռումինիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՍԾՏՀ անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ընդգծեց Հայաստանի կառուցողական մասնակցությունը կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարելավելու գործում, ՀՀ աջակցությունը Սևծովյան տարածաշրջանում, մասնավորապես, տրանսպորտի ոլորտում տնտեսական համագործակցության խթանմանը, և կազմակերպության նախանշած նպատակների իրականացմանը:
Այնուհետև նախարարը անդրադարձավ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը կկապի Սևծովյան տարածաշրջանային երկրները Իրանի և Արևելյան Ասիայի երկրների հետ:
Գագիկ Բեգլարյանը, անդրադարձավ նաև Հայաստանի հարավային՝ Հայաստան-Իրան երկաթուղու, որպես Հյուսիս-հարավ երկաթգծի ամենակարճ և հուսալի կապի, կառուցման նախագծին:
Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի և Ռումինիայի տրանսպորտի նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարը, որպես Հայ-Ռումինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռումինիայի տրանսպորտի նախարար Յուլիան Մատակեի հետ քննարկեց Բուխարեստում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի և զուգահեռ գործարար համաժողովի անցկացման ժամկետները:
Քննարկվել են նաև Հայաստանի տրանսպորտային ծրագրերում Ռումինիայի մասնակցության հնարավորությունները: