Դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 23-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ,Զվարթնոցե օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) մեզ հետ զրույցում հաստատել էր լուրը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը նշել էր. “Մեր աշխատակիցները գիշերը՝ օդանավակայան գնալու ճանապարհին, Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, եւ մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդն Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբե: Նաեւ հավելել էր, որ գնդակը կպել է դիմապակուն. “Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործը հայտնաբերվել է, իսկ զենքն էլ ոստիկանությունն արդեն առգրավել է: Մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ”:
Այնուհետեւ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր. “Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս մոտ 5 մետր հեռավորությունից Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը կրակոց է արձակել իր երթեւեկելի գոտով ընթացող “ՎԱԶ 2121″ մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը, դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն, անդրադարձ է կատարել”: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 34-րդ հոդվածի (հանցափորձ), 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերի հատկանիշներով: Երեկ “Ժողովուրդե-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է:
Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցել է պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ:
-Պարո՛ն Հարությունյան, շուրջ 4 ամիս է, ինչ քննություն է ընթանում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի վրա կրակելու գործի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գործն այդքան դանդաղում:
-Այդ գործն արդեն բացահայտված-վերջացրած է, ի՞նչ խնդիր կա:
-Այսքան ժամանակ է անցել, բայց գործը դեռեւս նախաքննության փուլում է:
-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է, եւ որեւէ չբացահայտված բան չի մնացել: Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, եւ բռնել են կրակողին: Այդտեղ այլեւս որեւէ խնդիր չկա:
-Այսինքն՝ Դուք համոզված եք, որ հենց կալանավորվա՞ծն է կրակել Ս. Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, եւ որեւէ միտում չե՞ք տեսնում այդտեղ:
-Դա միանշանակ է, եւ այդտեղ կասկած լինել չի կարող, թե քննության ընթացքն ինչպես է գնում… Ես չեմ կարող ասել, բայց միանշանակ ինքն է կրակել, ու ոստիկանությունը նորմալ աշխատել է:
-Իսկ ինչո՞ւ քննության ընթացքին չեք հետեւել:
-Ոստիկանությանը չվստահելու հիմքեր չունեմ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 502 համար