Կարֆուրը կկոտրի փոքր ձեռնարկությունների մեջքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի խոշոր ձեռնարկատերերը “ցնցվում են” “Կարֆուր” սուպերմարկետների ցանցի՝ Հայաստան գալ-չգալու մասին անընդմեջ փոփոխվող լուրերից։
“Կարֆուրի”՝ Հայաստան գալու մասին լուրերը շրջանառվում էին դեռևս նախորդ տարի, և այս ամենի հետ պարբերաբար շրջանառվում էին նաև այն լուրերը, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտում են խանութների ցանցի մուտքը Հայաստան, քանի որ այն լուրջ մրցակից էր Հայաստանում գործող սուպերմարկետների ցանցերի իշխանական ղեկավարության համար։
Սակայն կարծեք թե հարցը “լուծում է” գտել։ Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է, որ “Կարֆուրը” ներկայացված լինի հայաստանյան շուկայում, “քանի որ նա աշխարհով մեկ մատուցում է այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած տնտեսության համար կարևոր են մրցակցային դաշտ ձևավորելու համար”,-ասել էր վարչապետը:
Հարցի վերաբերյալ նման գնահատական էր տվել նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով նշել էր, որ իրենց կառավարությունը ջանք չի խնայում “Կարֆուր” հիպերմարկետների ցանցն օր առաջ Հայաստանում հաստատված տեսնելու ուղղությամբ:
Լուրեր .com-ի հետ զրույցում “Սպառողների միություն” ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով “Կարֆուրի”՝ Հայաստան գալուն, ասաց, որ, ըստ իրեն, “Կարֆուրի” մուտքը Հայաստան նպաստավոր կլինի մեր երկրի համար։
“Գերկենտրոնացում է գնում, և սուպերմարկետներն իրար մոտ են գտնվում։ Պետք է բաշխվի այնպես, որ մատչելի լինի քաղաքացիների համար։ Մենք Երևանից դուրս ընդամենը մեկ սուպերմարկետի ցանց ունենք”,-ասաց Արմեն Պողոսյանը, հավելելով, որ մեծ և փոքր խանութները քաղաքաշինական սկզբունքներով ճիշտ չեն դասավորվում։ “Քաղաքաշինական ասելով՝ նկատի ունենք նաև մարդկանց հարմարավետ լինելը։ Ընթացիկ առևտրի համար փոքր խանութներն են հարմար, իսկ մեծ առևտրնի համար՝ մեծ խանութները”,-ասաց Պողոսյանը։
Վերջինիս կարծիքով՝ երկուսն էլ իրենց տեղն ունեն։ Սակայն երբ մեկ մեծ խանութի կողքին կառուցվում է ևս մեկը, փոքր խանութները մեռնում են։
“Երկու վնաս կա՝ փոքր ձեռնարկության մեջքն է կոտրվում և հարմարավետությունն է տուժում”,-ասաց Արմեն Պողոսյանը։
Նա հայաստանյան տնտեսվարողների և “Կարֆուրի” միջև մրցակցությունը դրական է համարում. “Պետք է դիմանան մրցակցությանը։ Թող կարողանան մրցակցել, և ով չի կարող, թող սնանկանա”,-ասաց Պողոսյանը։




Լրահոս