Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն զրկում են Վրաստանի քաղաքացիությունից «Ռուսաստանի պատվերով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին Թբիլիսիի որոշումն ընդունվել է «Ռուսաստանի պատվերով» և նպատակ ունի խանգարել իրեն մասնակցել հաջորդ ընտրություններին, փոխանցում է РИА Новости-ն:

«Բիձինա Իվանիշվիլին (Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիրը) Ռուսաստանի պատվերն է կատարում»,-հայտարարել է Սաակաշվիլին: Նա նաև նշել է, որ ավելի վաղ իրեն ստիպել են լքել Վրաստանը:

Ուրբաթ օրը Վրաստանի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ գերատեսչությունն ուկրաինական կողմից պաշտոնական ծանուցում էր ստացել Սաակաշվիլիի մոտ ուկրաինական քաղաքացիության առկայության մասին և համաձայն վրացական օրենքներին` սկսվել է նախկին նախագահին վրացական անձնագրից զրկելու գործընթացը:

Միխայիլ Սաակաշվիլին լքել է երկիրը 2013թ. նոյեմբերին երկրի նոր ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիի նշանակումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս