Մեր երկրի երեկվա գլխավոր իրադարձությունը մասիսցի երիտասարդի արկածներն էր Ազգային ժողովի բակում: Հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ամեն մի նման դեպք, բնական է, հանրային լայն հնչեղություն պիտի ստանար:
Կատարվածից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էր եկել դեպքի վայր՝ պարզելու, թե ինչ է եղել: Ըստ նրա՝ իրենք են զբաղվում տեղի ունեցածով, քանի որ հատուկ սուբյեկտների վերաբերյալ ՀՔԾ-ն է քրեական գործով նախաքննություն իրականացնում: Բացի այդ, ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանից, քրգործի նախաքննությամբ ՀՔԾ-ն է զբաղվում, քանի որ երիտասարդը, ինչպես վկայում են նաեւ տեսագրությունները, փորձել է զինված դիմադրություն ցույց տալ անվտանգության աշխատակիցներին, որոնց առնչվող գործերի քննությամբ զբաղվում է ՀՔԾ-ն:
Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ ելումուտը հսկող պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ընդհանրապես հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել: Լրագրողները ստիպված էին ԱԺ-ում եղած պատգամավորներից, իրենց գործընկերներից պարզել, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ բակում: Ըստ այդմ՝ հայտնի դարձավ, որ Մասիս քաղաքի բնակիչ, որսորդական դանակով զինված 25-ամյա Վարուժան Գալստյանը, շրջանցելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, չենթարկվելով նրանց պահանջներին, վազելով մտել է ԱԺ ընդունարանից ներս, սակայն չի հասցրել մուտք գործել ԱԺ վարչական շենք: Անվտանգության աշխատակիցները, դուրս գալով ներսից, հրահանգել են կանգ առնել, ապա նախ օդ են կրակել, որպեսզի երիտասարդը կանգնի, իսկ երբ նա չի ենթարկվել, վնասազերծելու նպատակով ստիպված կրակել են ոտքին: Այդ պահին երիտասարդը եղել է աստիճանների վրա:
Ի դեպ, երբ երիտասարդին հարցրել են, թե ինքն ով է, նա պատասխանել է՝ ես Հիսուս Քրիստոսն եմ: Իրականությանը համապատասխանում է այս տեղեկությունը, թե շահագրգիռ ինչ-որ անձի կամ անձանց կողմից հորինված է, որպեսզի հանրությունը Վ. Գալստյանին հոգեկան հիվանդ համարի՝ առայժմ չենք կարող ասել: Առաջիկայում կպարզվի:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14:50-ի սահմաններում, եւ անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել Վ. Գալստյանի ուղղությամբ գոտկատեղից ներքեւ` ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք: Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին` տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` Վ. Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է: Դեպքի կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Երեկոյան տեղեկացանք, որ թիվ 1 հիվանդանոց տեղափոխված Վրեժ Գալստյանին բժիշկները վիրահատել են, ընթացքը նորմալ է եղել, եւ վիճակը գնահատվում է կայուն:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչ գիտի ԱԺ ներխուժած երիտասարդի մասին, եւ ինչպես է նա բնութագրվում: «Տղան հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացել եմ, որ նրա մայրն էլ հոգեկան խնդիրներ ունի: Հայրը տաքսու վարորդ էր աշխատում, որին մի քանի օր առաջ աշխատանքից ազատել են»,-ասաց քաղաքապետը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Վարուժանը ընտանիքի միակ զավակն է եւ ամուսնացած չէ: Գալստյանները 5 տարի առաջ են տեղափոխվել Մասիս՝ բնակության: Մինչ այդ ապրել են Վայքում: «Տեղյակ եմ, որ երկար ժամանակ նրանք Ռուսաստանի Դաշնությունում են ապրել: Բայց անձամբ չեմ ճանաչում տղային»,-ներկայացրեց քաղաքապետը՝ հավելելով, որ Գալստյանը բնակվում է Մասիսի 35 շենքի 14 բնակարանում:
Նշենք նաեւ, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոնք դեռ վաղ է արժանահավատ համարել, Վ. Գալստյանը մոտ 1 ամիս առաջ դանակով կամ այլ գործիքով փորձել է բռնություն գործադրել իր մոր նկատմամբ: Այնուամենայնիվ, եթե նա հոգեկան հիվանդ կամ թմրամոլ չէ, ապա Վ. Գալստյանին, կարծում ենք, պետք է համարել այս իշխանության զոհերից մեկը, քանի որ ինչ-որ պաշտոնյա կամ պաշտոնյաներ մարդու հոգուն պետք է հասցնեն, որպեսզի նա այդպիսի ծայրահեղ եւ անհույս քայլի գնա:
Հ.Գ. Երեկ երեկոյան news.am-ի թղթակիցն այցելել է Մասիս քաղաք, որտեղ հարեւանները պատմել են, որ երիտասարդի մոտ հոգեկան շեղումներն ի հայտ են եկել բանակում ծառայելուց հետո: Վարուժանի մոտ պարբերաբար նոպաներ են եղել. օրինակ` նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացնով նստել է տանը, բարձր երաժշտություն միացրել: Նա երկար ժամանակ գտնվել է Նուբարաշենի հոգեբուժարանում եւ վերջերս է դուրս գրվել այնտեղից:
Վրեժ Գալստյանի մայրը՝ Սուսաննան, պատմել է, որ երեկ՝ առավոտյան ժամը 11:00-ին, որդին տանից դուրս է եկել զբոսնելու նպատակով, այնուհետեւ տուն եկել բարկացած եւ նորից է դուրս եկել` առանց ասելու, թե ուր է գնում: Իսկ թե ինչն է ստիպել որդուն ներխուժել ԱԺ, մայրն այսպես է պարզաբանել. «Ինքը միշտ էլ էդ կարգերին դեմ է, ու ես էլ եմ դեմ, շատ անօրեն երկիր ա, եթե Սերժը չի կարողանում ղեկավարի, ուրեմն ինքը պետք ա իրա հոժար կամքով դուրս գա, ի՞նչ միտք ունի, ԱԺ-ն էլ մկների ժողո՞վն ա: Եթե չի կարողանում մի գյուղացու հարց լուծել, ի՞նչ ղեկավար ա: Ես չէի կարա իրան պահեի, էդ դանակը դրանց համար քիչ է, էնտեղ մարդ չկա, դրանք տրյապկեք են: Սերժի վրա էր բարկացած, լավ ա արել, քիչ ա արել»:
Սուսաննան հայտնել է, որ 1989թ. իրենք ընտանիքով գնացել են Վայքի Սարալանջ գյուղ, սակայն իրենց միշտ նեղել են, փորձել են հողերը խլել, անասուններին թունավորել եւ այլն: Դիմել են երկրի նախագահին, սակայն նա չի կարողացել իրենց հարցը լուծել:
Ի դեպ, մայրը չի եկել Երեւան որդուն տեսակցության, գումար չունի, ասում է` կապաքինվի եւ ինքը կվերադառնա: Ընտանիքը ապրում է արտերկրից ուղարկված գումարով:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ