Այսօր Փարիզում կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այն պարունակում է Հայաստանի եւ Արցախի համար խայտառակ ձեւակերպումներ: Մեր տեղեկություններով՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը հայտարարել է, թե զեկույցը պատրաստ է՝ չնայած այն հանգամանքին, որ նա այդպես էլ Արցախ չայցելեց:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նրանց հետ Փարիզ է մեկնել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հանձնաժողովում քննարկվելուց, ընդունվելուց հետո զեկույցը կներառվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանի օրակարգ: Դրանից խուսափելու միակ տարբերակն այն է, որ հայկական պատվիրակությանը հաջողվի քաղաքական հանձնաժողովին համոզել դեմ քվեարկել զեկույցը լիագումարի օրակարգ ներառելուն, չնայած նրան, որ նման նախադեպերը հազվագյուտ են:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ԼՂՀ իշխանությունները ինչ դիրքորոշում ունեն զեկույցի` ԵԽԽՎ հանձնաժողովի օրակարգում ընդգրկվելու հետ կապված:
-Պարո՛ն Բաբայան, փաստորեն բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին հաջողվեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցը ներկայացնել քաղաքական հանձնաժողովի «դատին»: Ինչո՞ւ այդպես էլ հայկական կողմը չկարողացավ կանխել այն, ինչը պլանավորել էր ադրբեջանական կողմը:
-Նման բան տեղի ունեցավ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ն ինքը կարծես թե շփոթվել է իր իսկ քաղաքականության մեջ: Ու տեսեք՝ երեւի ԵԽԽՎ-ն միակ կառույցն է, որը Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրությունները համարել է իդեալական, մի բան, որ ընդհանրապես տեսականորեն անհնարին է պատկերացնել` քաղաքակիրթ աշխարհի, քաղաքակիրթ Եվրոպայի կարեւոր կառույցներից մեկը բռնապետական Ադրբեջանում մասսայական խախտումներով անցկացված ընտրությունները որակում է իդեալական: Դա նույն Ուոլթերի պատմությունն է, որեւէ տարբերություն այստեղ չկա, տեսնում եք, թե ինչպես են այդ կառույցի պատգամավորներն ու պատգամավորական խմբերը իրենց պահում: Նույն իրավիճակն է, նույն խավիարի հոտն է գալիս, երեւի ինչ-որ թմրեցուցիչ ազդեցություն ունի այդ հոտը, երբ նման զեկույցներ են պատրաստվում թե՛ ընտրությունների վերաբերյալ, թե՛ Արցախի ու թե՛ այլ տարբեր հարթություններում` մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության եւ այլն: Երբ Ադրբեջանում մասսայական ձերբակալում են, ծեծի են ենթարկում, բռնություններ են տեղի ունենում, իսկ դա որակվում է որպես իդեալական, քաղաքակիրթ, ժողովրդավարական նորմերին համապատասխանող ընտրություններ` նույն իրավիճակն է, նույն ոճն է:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Եվրոպան շարունակում սատարել Ադրբեջանին:
-Որովհետեւ երեւի Ադրբեջանն էլ հատուկ հրավիրում է այնպիսի պատգամավորների, որոնց հետ աշխատել է, որոնց բարիքներ է մատուցել, դրա համար էլ այդպես են անում: Այսինքն՝ իրականացրել են լոբբիստական գործունեություն, կարճ ասած՝ կաշառել են որոշ պատգամավորների, դրա համար էլ այդպես են անում: Սա շատ պարզ ու հասկանալի է:
-Ուոլթերը նաեւ իր զեկույցում երկկողմանի տեսակետ չներկայացնելը պատճառաբանում է նրանով, որ ՀՀ իշխանությունները թույլ չտվեցին, որպեսզի նա այցելի Արցախ՝ այնտեղից եւս տեսակետ ունենալու համար: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի հետ կապված, արդյոք իսկապես ճի՞շտ չէր լինի, որ զեկուցողն Արցախի իշխանությունների հետ եւս զրույց ունենար, գուցե տեսակետը փոխե՞ր:
-Չեմ կարծում, որովհետեւ մենք ոչ թե պատրաստակամություն ենք հայտնել այդ մարդուն ընդունել ու վերջին պահին ասել ենք, որ ոչ, չենք ընդունում, այլ մենք մեկ տարի շարունակ տարբեր մեսիջներ ենք ուղարկել, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարբերակ, բայց պետք է լինի ողջամիտ մոտեցում, պետք է նաեւ այդ չարաբաստիկ վերնագիրը փոխվի, որից հետո մենք պատրաստ ենք նրան ընդունել: Բայց այդ մարդը չէր պատրաստվում վերանայել, որովհետեւ այդ զեկույցը վաղուց պատրաստված է եղել, ընդամենը նա իր ստորագրությունն է դրել, այսպես կոչված, փաստաթղթի տակ: Եվ մի՞թե Դուք կարծում եք, որ եթե նա գար այստեղ, կարող է՝ ինչ-որ փոփոխություններ լինեին, ոչ, ընդհակառակը, կասեր՝ գնացել եմ, ու տեսեք՝ ապացուցում եմ, որ իրավիճակն այնպիսին է, ինչպես գրված է զեկույցում: Մարդիկ են, կարող են սխալվել, բայց երբ չեն ուզում իրենց սխալներն ուղղել, այ, սա ոչ միայն ամոթ է, այլ նաեւ վտանգավոր:
-Եթե հարցն ընդգրկվի ԵԽԽՎ հունվարին կայանալիք նստաշրջանի օրակարգում, ու զեկույցն ընդունվի ԵԽԽՎ նիստում, ի՞նչ ենք կորցնելու մենք, ի՞նչ ազդեցություն է այդ հակահայկական զեկույցն ունենալու հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
-Մի բան ակնհայտ է, որ մենք խուճապի չենք մատնվել, սպիտակ դրոշներ չենք բարձրացրել, դա որեւէ բան չի տալու, պարզապես այդ նյութը մտնելու է արխիվ, Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու, ու այդ զեկույցը թաղվելու է արխիվի փոշու մեջ: Ուրիշ որեւէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԽՆԱՅՈՒՄ Է, ԻՍԿ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել 2016թ. բյուջեի նախագիծը, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացակայության հարցը: Ինչպես եւ նախորդ տարիներին` երեկ էլ ԱԺ էր ներկայացել Տ. Մարգարյանի տեղակալ Կամո Արեյանը: Իսկ ինքը` քաղաքապետը, շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների շրջանակներում Աժ ներկայանալուց:
Եւ այսպես, 2016 թ-ին ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսվել է բյուջեից տրամադրել մոտ 4 մլրդ 558 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ներկայացված գումարը նվազել է 22 մլն դրամով: Հանրային իրազեկման ապահովում ծրագրով նախատեսվել է ավելացնել գումարը 17 մլն դրամով: 2016-ին նախատեսվել է նախագահի շուրջ 1000 հրամանագրերի, 250 կարգադրությունների, 640 ուղերձների, ինչպես նաեւ՝ 196 այլ փաստաթղթերի՝ նամակների, լիազորագրերի պատրաստում: Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երկու պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ինքը շտապում է, պետք է ներկա գտնվի հայ-ռուսական ֆորումի բացմանը, եւ հրաժարվեց պատասխանել մնացած պատգամավորների հարցերին:
Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արձագանքելով պատգամավորների հարցին, թե հնարավոր չէ՞ ԱԺ-ի մեքենաների սպասարկումն ավելի մատչելի կազմակերպել, որպեսզի բյուջեից ամեն անգամ մեծ գումարներ չհատկացվեն, հայտարարեց, թե. «Հնարավոր է, անում են: Մի մասը փորձում ենք հենց աշխատակազմում կազմակերպել: Երբեմն խնայողություններն ավելի թանկ են նստում, որովհետեւ այդ վարպետն այնպես է սարքում, որ հետո ավելի մեծ ծախս է բացվում: Փորձում ենք, ինչքանով է ստացվում, չգիտեմ: Դու չես կարող մեքենաների վերանորոգման համար մի հատ էլ մի մեծ կայան պահել, որտեղ բոլոր մասնագետները կան»:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախորդ տարի՝ բյուջեի քննարկումների ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական բացակայությունը բացատրել էր նրանով, որ քաղաքապետը Երեւանում չէ, Սանկտ Պետերբուրգում գործուղման է, մինչդեռ հետո պարզվել էր, որ նա Երեւանում էր, ավագնու նիստ էր վարել եւ ընդունելություն ունեցել: Կ. Արեյանն էլ հայտարարել էր, թե Տարոն Մարգարյանն այն ժամանակ նախապես պլանավորված այցով էր մեկնել, բայց օրվա երկրորդ կեսին վերադարձել էր եւ ավագանու նիստ վարել: Երեկ էլ Կ. Արեյանը հայտարարեց, թե Տարոն Մարգարյանն ընդունում է Կարմիր խաչի՝ Գերմանիայի պատվիրակությանը, որը նախապես պլանավորված հանդիպում է: Ի պատասխան` Փաշինյանը նշեց, որ խորհրդարանի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դեռեւս քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանի հոկտեմբերի 7-ի հաղորդումը: Հիշեցնենք, որ Կ. Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Իսկ պատճառը նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է, որը, ըստ օմբուդսմենի, կայացնելիս դատավորը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ: «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռ. Ներսիսյանը վճռել է «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Մենք անհամբերությամբ սպասում ենք որոշման կայացմանը:
ԱՌԱՆՑ ԵՐՇԻԿԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մսամթերքի, ներառյալ երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են 8.6 տոկոսով: Երշիկեղենի արտադրությամբ զբաղվող որոշ գործարարների կարծիքով՝ պատճառը սպառման ծավալների անկումն է, ինչն իր հերթին պայմանավորված է մարդկանց գնողունակության նվազելու փաստով:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՊԱՐԶԵԼ
Այս օրերին ՀՀ տարբեր մարզերից գյուղապետեր են զանգահարում «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ փորձում են պարզել, թե սահմանադրական փոփոխությունների հանաքվեի ժամանակ իրենք ինչպես են քվեարկելու՝ անձնագրերով թե նույնականացման քարտերով: Նշենք, որ նույնականացման քարտերով քվեարկելու խնդրի շուրջ վերջին երկու շաբաթներին ծավալված քննարկումները գյուղերում իսկական խառնաշփոթ են առաջացրել: Ուշագրավ է, որ գյուղապետերն այդ խնդրի առնչությամբ չեն փորձում մարզպետարաններից պարզաբանումներ ստանալ, քանի որ այնտեղ էլ, թերեւս, ոչինչ չեն հասկացել դատարկ քննարկումներից:
Տեղեկացնենք, որ նրանք, ովքեր ունեն սովորական անձնագիր, քվեարկում են դրանով, իսկ նրանք, ովքեր չունեն սովորական անձնագիր, այլ ունեն միայն նույնականացման քարտ, կքվեարկեն դրանով:
ԿՔՆՆԱՐԿԵՆ, ԿՈՐՈՇԵՆ
Երեկ երգչուհի Աիդա Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որով անդրադարձել էր իր մայրիկի մահվան հանգամանքներին: Նշենք, որ երգչուհու մայրը մահացել է նոյեմբերի 1-ին. «Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորը արնաքամ են արել»: Ա. Սարգսյանը եւ նրա եղբայրը մոր՝ այսօր կայանալիք հուղարկավորության արարողությունից հետո թերեւս կորոշեն՝ բժիշկներին պատասխանատվության ենթարկելու համար դիմել իրավապահներին, թե ոչ: