Արտառոց դեպք Ստեփանավանում. ուսուցիչներին աշխատավարձ չտալու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դպրոցի ուսուցիչները աշխատավարձ են ստացել, եղել են ուսուցիչներ, որոնք բացակայել են, եւ ըստ ամենայնի տնօրենը նրանց գումարը պահել է, որպեսզի ավելի ուշ հանձնի: Ու հենց այդ երեկոյան դպրոցում գողության փորձ է կատարվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ տղամարդը, կոտրելով պատուհանը, ցանկացել է մուտք գործել դպրոց, սակայն պատուհանը կոտրելու արդյունքում վնասվածք է ստացել, դրա համար էլ չի կարողացել գործն ավարտին հասցնել: Եվ, ահա, առավոտյան դպրոցի տնօրինությունը, տեսնելով կոտրված պատուհանը եւ արյան հետքերը, դիմել է ոստիկանություն, ինչից հետո հայտնաբերվել է դպրոցում գողության փորձ կատարած անձը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս Ստեփանավան քաղաքի բնակիչ Գառնիկ Բաղդասարյանն է, ով ամուսնացած է եւ ունի մեկ երեխա:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփանավան քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցի տնօրեն Լիլիա Հարությունյանը հայտնեց, որ դեպքից հետո դպրոցի անվտանգությունը ապահովելու համար ձայնային ազդանշան է տեղադրել. «Այլ տարբերակ չունենք»:
Ավելին՝ ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրենից, գողության նպատակով դպրոցի պատուհանը կոտրած եւ վնասվածքներ ստացած Գառնիկ Բաղդասարյանը հասցրել էր իր հետ տանել ուսուցիչներից երկու հոգու արձակուրդայինի համար նախատեսված աշխատավարձը, որը կազմել է ընդամենը 14.000 դրամ:

Գառնիկ Բաղդասարյանն անմիջապես կալանավորվել է ինչպես ամենավտանգավոր հանցագործ, եւ կատարվում է քննություն:




Լրահոս