ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել են Վայոց ձորի մարզով անցնող Եղեգիս (Էլեգիս) գետին սպառնացող էկոլոգիական աղետի մասին, որը պայմանավորված է գետի ողջ երկայնքով կառուցված մեկ տասնյակից ավել ՀԷԿ-երի գործունեությամբ: Ըստ բնապահպանների՝ գետի 47 կմ երկարությունից 25-ը գտնվում է ՀԷԿ-երի տնօրինման տակ: Իսկ ովքե՞ր են ՀԷԿ-երի սեփականատերերը. ինչպես հայտնի է՝ այդ ոլորտում «պատահական մարդիկ» չկան: Մամուլի հրապարակումների արխիվն ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ Եղեգիսի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առնվազն հինգը պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների: Այսպես՝ «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ, «Գողթանիկ» եւ «Եղեգիս-3» ՓՀԷԿ-երը՝ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի ընտանիքի հետ, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին, կամ նույն է թե՝ «Թունելի Հակոբի» անվան հետ, «Ալնարս» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, եւ այսպես շարունակ: Կասկածից վեր է, որ մյուս ՀԷԿ-երի փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կպարզվի, որ դրանք եւս պատկանում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին: Այսինքն՝ ներկա իշխանությունները հենց այնպես չեն կառչել իրենց աթոռներից: Նրանք տարիների ընթացքում հաջողացրել են ողջ Հայաստանը սեփականաշնորհել` անգամ բնությունը ոչնչացնելու գնով:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու: Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» եւ գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում, այլ պարզապես փորձ է արվում հանրաքվեի գործընթացին փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաեւ փորձել ուժերը` հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու: Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի եւ մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես երկրում որեւէ բան չի փոխվի: Ուստի կարելի է նաեւ փորձարկումներ անել:

 

 

 
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ: Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում է Հաղթանակ զբոսայգու ներքեւի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ եւ ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու: Սակայն պարզվել է, որ մարզպետը եւ նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել: «Ժողովուրդ»-ը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա, լսելով հարցը, զայրացած ասաց, որ դրանք սուտ են, եւ որ դրանք տարածողներն այդպես փորձում են իրեն վարկաբեկել:

 

 

 
Այս տարվա առաջին տասը ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի, անցածի համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է 125 միլիարդ դրամով: Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը 125 միլիարդ դրամի չափով աղքատացել է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի սպառման ապրանքների հիմնական մասը ներկրվում է: Իսկ եթե ներմուծման ծավալները սկսում են նվազել, այդ հանգամանքը եւս վկայում է սպառողների գնողունակության նվազման մասին: Նշենք, որ անցած տարվա համեմատ ներմուծման ծավալները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարի չափով: Հարկ է նշել, որ սպառման ծավալների անկման մի մասն էլ պայմանավորված է անընդհատ շարունակվող արտագաղթի փաստով: Մասնավորապես, այս տարվա ավարտին դեռ երկու ամիս կա, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ տարվա վերջին արտագաղթի ծավալները կկազմեն 40-ից 50 հազար մարդ: Իհարկե, վերը բերված ցուցանիշները ամենեւին էլ չեն խանգարում, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրները շարունակեն տնտեսական աճ արձանագրել:

 

 

 
ԶԳՈՒՇԱՎՈՐ

Սահմանադրական հանրաքվեին մնացել է երկու շաբաթ ժամանակ, սակայն մինչ օրս իր իսկ նախաձեռնած փաստաթղթի մասին այդպես էլ ոչինչ չի ասել Սերժ Սարգսյանը: Իհարկե, դեռ հարց է, թե նրա կողմից որեւէ նախագծի օգտին հրապարակավ հանդես գալը որքանով կնպաստի այդ նախագծի հաջողությանը, եւ արդյոք դա չի ունենա հակառակ ազդեցությունը` վերջնականապես տապալելով այն: Համենայնդեպս, սահմանադրական փոփոխություններին ոչ ասողների հիմնական հույսը հենց այն է, որ ժողովրդի գերակշիռ մասը այս նախագծին ոչ է ասելու միայն այն բանի համար, որ դա Ս. Սարգսյանի նախաձեռնությունն է:
Սակայն բավականին տարօրինակ կարող է գնահատվել այդ տեւական լռությունը, եթե Սարգսյանն, ի վերջո, գոնե ամփոփիչ փուլում չասի իր վերջնական խոսքը: Մինչեւ երեկ ընդհանրապես հայտնի չէր, թե արդյոք Սարգսյանը որեւէ ձեւով իր մասնակցությունը կունենա այո-ի քարոզչությանը: Երեկ, սակայն, այո-ի շտաբի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցել է, որ դեկտեմբերի սկզբին Ս. Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդես կգա հեռուստատեսությամբ։ Նա սակայն չի հստակեցրել, թե դա ինչ ձեւաչափով կլինի` նշելով. «Կարող է՝ ընդհանուր լրատվականների ինչ-որ ձեւաչափով ասուլիս լինի»:
Առհասարակ, մինչ օրս չի տրվել որեւէ հստակ պարզաբանում, թե, ի վերջո, ինչով է պայմանավորված Սարգսյանի` քարոզչական գործընթացին չմասնակցելու որոշումը: Ընդդիմության գնահատմամբ` իրեն դուրս դնելով այդ ամենից` Սարգսյանը այդպիսով փորձում է իրեն ձերբազատել սահմանադրական հանրաքվեի առաջիկա հնարավոր (իսկ ընդդիմության պնդմամբ` անխուսափելի) ձախողումից: Ասել է թե` Սարգսյանը չի ցանկանում, որ նոր Սահմանադրության տապալումն ընկալվի որպես իր անձնական տապալում, եւ ինչպես ընդդիմությունն է ասում` սահմանադրական հանրաքվեն վերածվի Ս. Սարգսյանի իշխանության վստահության հանրաքվեի:
ՀՀԿ-ականները, սակայն, պնդում են, թե Ս. Սագսյանի` քարոզչական գործընթացներին չմասնակցելը պայմանավորված է բացառապես վերջինիս որոշմամբ` իր անձով որեւէ կերպ չազդելու եւ չուղղորդելու քաղաքական, տնտեսական եւ վարչական շրջանակներին` գործընթացի ելքը թողնելով բացառապես ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությանը: Իշխանական այս պնդումները, սակայն, որեւէ քննադատության չեն դիմանում, քանի որ նույն Սերժ Սարգսյանը 2012թ-ին միանգամայն հանգիստ կերպով, զբաղեցնելով հանդերձ ՀՀ նախագահի պաշտոնը, միանձնյա տարավ Հանրապետական կուսակցության ողջ քարոզարշավը` դույզն-ինչ չմտահոգվելով դրանով պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու եւ խորհրդարանական ընտրությունների ելքի վրա ազդելու մասին:
Ուստի այս իրավիճակում առավել արժանահավատ է թվում ընդդիմության տարբերակը, եւ Ս. Սարգսյանի առաջիկա խոսքն էլ, ըստ ամենայնի, կլինի չափավոր քարոզչական շեշտադրումների շրջանակում:




Լրահոս