«168 ժամ» թերթը գրում է. «Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»,- սա մեջբերում է ոչ թե՝ ընդդիմադիր որեւէ քաղաքական գործչի խոսքից, այլ՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի՝ այս տարվա ամռանն արած հայտարարությունից: Նա այդ մասին խոսել էր՝ անդրադառնալով «Նաիրիտի» աշխատակիցների՝ աշխատավարձերի վճարման պահանջով անցկացվող բողոքի ցույցերին: Այն ժամանակ Գորիկ Հակոբյանի հայտարարությունն արժանացավ բուռն արձագանքի, բոլորն արձանագրեցին, որ վերջապես մի անգամ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ ԱԱԾ պետի շուրթերից հնչել է ճշմարտությունը: Ավելին, բոլորն արձանագրեցին նաեւ, որ, երբ այդ կարգի ճշմարտությունը հնչում է ԱԱԾ պետի կողմից, նշանակում է, որ իրավիճակը լուրջ, չափազանց լուրջ է:
Գորիկ Հակոբյանն այդպիսով, ըստ էության, հրապարակավ զգուշացնում էր իշխանությանը, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին:
Դրանից անցել է մի քանի ամիս, բայց Հայաստանում ոչինչ չի փոխվել, պետական կառավարման համակարգը մնացել է նույնը, նույն արատավոր արժեքների կրողը, գրեթե բոլոր ոլորտներում կոռուպցիան հասնում է հսկայական մակարդակի…
Այսինքն՝ մարդիկ այսօր ավելի շատ չեն վստահում իշխանություններին, քան հուլիսին, երբ այդ մասին ահազանգում էր Գորիկ Հակոբյանը, դեկտեմբերին ավելի շատ չեն վստահելու իշխանություններին, քան այսօր, երբ իշխանություններին չեն վստահում այն աստիճանի, որ չեն հավատում ԱԱԾ-ի կողմից վտանգավոր, չափազանց վտանգավոր հանցավոր խմբավորման բացահայտմանը: Չեն հավատում, որ պետության անվտանգությունն ապահովելու գործառույթ ունեցող կառույցը կանխել է իսկապես հրեշավոր հանցագործություններ: Չեն հավատում, որովհետեւ այդ նույն կառույցը տարիներ շարունակ եւ շատ հաճախ զբաղվել է ոչ թե իր գործառույթներով, այլ իշխանությանն անհաճո անձանց գաղտնալսելով, այս կամ այն գործարարին «տանիք կանգնելով», կամ բիզնես հարաբերություններ պարզաբանելով:
Չեն հավատում, որովհետեւ չեն հավատում ոչ միայն՝ ԱԱԾ-ին, այլ նաեւ՝ Գյուղատնտեսությանը կամ Սոցապնախարարությանը, կառավարությանն ու Ազգային ժողովին ամբողջությամբ, չեն հավատում նախագահին, արդարադատության ողջ համակարգին ու Սահմանադրական դատարանին… մարդիկ դադարել են հավատալ պետությանը: Որովհետեւ իշխանությունը պետությանը հաճախ նույնացրել է իր հետ, որովհետեւ շարմազանովները հայտարարել են, որ ամեն ինչ որոշվում է Մելիք-Ադամյանում, որովհետեւ ՀՀԿ-ի կրծքանշանը դարձել է անթույլատրելիության անցատոմս:
Թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ այն իրավիճակը, որում հասարակությունը չի հավատում բոլորին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, երբ վերջինս ահաբեկչական խմբավորում է վնասազերծել, ով՝ ով, բայց Գորիկ Հակոբյանը շատ լավ գիտի:
Իսկ դա պետության համար պակաս վտանգավոր չէ, քան անգամ ամենաուժգին ահաբեկչական ակտը: Բայց, ի տարբերություն ահաբեկչական խմբավորման, հասարակության հավատի ու վստահության կորստի «կազմակերպիչներին» ԱԱԾ-ն չի կարող վնասազերծել: Քանի որ այդ դեպքում Հայաստանը կմնա առանց պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ առանց ԱԱԾ-ի: Այս «ահաբեկչության» դեմ Հայաստանն անզոր է, որովհետեւ անվտանգության մարմինները չեն կարող վնասազերծել ու հասարակությունից մեկուսացնել բոլոր նրանց, ում անվտանգությունն ապահովում են առաջին հերթին՝ ի հաշիվ պետության ու հասարակության»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: