Ծանր կորուստ կրեց հայրենական սպորտը. 68-ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լևոնի Անտոնյանը:
Նա բազմիցս նվաճել է Հայաստանի և “Բուրեվեստնիկ” մարզական ընկերության համամիութենական խորհրդի չեմպիոնի կոչումը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան մնաց իր մարզաձևին և համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները : Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական ստուգատեսի արծաթե մեդալակիր : Հաջորդեցին շատերը, որոնցից Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը :
Այդուհանդերձ հարյուրավոր պարապողներից առանձնացավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր , անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն / 1993 թ. / ու մրցանակակիր և աշխարհի գավաթակիր / 1994 թ. / Նշան Մունչյանը :
Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ –ի և Հայաստանի հավաքականներում և նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում:
Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների, նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար : Հուշերն անսահման են, քանզի նա հիանալի մասնագետ լինելով նաև անթերի ընկեր էր ` օծտված նուրբ հումորով, զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց
մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում է անվանի մարզչի ընտանիքին, հարազատներին , բարեկամներին , ընկերներին:
Արմեն Անտոնյանի հիշատակը անջնջելի կման նրան ճանաչողների սրտում:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24 –ին, ժամը 18 -ին , Բագրատունյաց 1 հասցեում գործող մատուռում/ այրաքաղաքի 6 -րդ հիվանդանոցի հարևանությամբ/: Հուղարկավորությունը ապրիլի 25 -ին , նույն տեղից ` ժամը 14 -ին:
ՀԱՕԿ–ի լրատվության բաժին