Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքը ծանր վիճակի մեջ է դրել որոշ ԶԼՄ-ների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ-ի դեկտեմբերին ընդունված “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հետևանքով այսօր որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են դժվար իրավիճակում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ եթե նախկինում իրենք վճարում էին միայն շահութահարկ, ապա այսօր նաև շրջանառության հարկ: Սա ենթադրում է թերթերի իրացումից ստացված գումարի, այսինքն՝ հասույթի 3.5%-ի և գովազդների հասույթի 5%-ի վճարում:
“Հարկը բոլորովին վերջերս ենք վճարել ու տեսանք, որ բավական մեծ թիվ է կազմում 600-700 հազար դրամ: Սա հարված է բոլոր այն թերթերին, որոնք ունեն միջին կամ փոքր տպաքանակ: Այս օրենքը չի ազդում բոլոր նրանց վրա, ովքեր վճարում են ավելացված արժեքի հարկ”,- ասաց նա և ավելացրեց, որ ընդունված նոր օրենքը ազդում է ոչ միայն մամուլի, այլև փոքր և միջին բիզնեսի վրա:
“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ եթե իրենք նախկինում վճարում էին 200-250 հազար դրամ, ապա օրենքի ընդունումից հետո վճարել են 400-500 հազ. դրամ: Նա նշեց, որ օրենքի ընդունումից առաջ բոլորը վստահեցնում էին, որ օրենքը թեթևացնելու է փոքր ու միջին ձեռնարկությունների բեռը, սակայն ստացվեց հակառակը:
“Իրականում խորհրդարանական լսումներ չեն եղել, չեն խորհրդակցել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Սենյակներում նստել ու որոշել են: Մենք այսօր ուզում են ի ցույց դնել խնդիրը, մի քանի պատգամավորների հետ պայմանավորվածություն ունենք, որ փոփոխությամբ հանդես գան և գոնե մամուլը ու գրահրատարակչությամբ զբաղվող ինտելեկտուալ դաշտը հարկվի նախկինի պես”,- ասաց նա:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ փորձ է կատարվում մի քանի պատգամավորների միջոցով քննարկումներ կազմակերպել, օրենսդրական փոփոխություններ կատարել. “Դեկտեմբերին օրենքի ընդունման ժամանակ Արծվիկ Մինասյանը լուրջ քննադատության է ենթարկել այս օրինագիծը, սակայն ոչինչ չփոխվեց”:
Թագուհի Թովմասյանը նաև ընդգծեց, որ մենք շուտով ականատես կլինենք մի շարք խանութների փակմանը:




Լրահոս