Խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեր ակնկալիքը հետեւյալն է՝ ձեւավորել մի լուսավոր ընդդիմադիր քաղաքական ուժ. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծված «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը այսօր` ժամը 14.00-ին, համագումար է հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Մարուքյանի թիմակիցները զբաղված էին համագումարի նախապատրաստման աշխատանքներով, որտեղ պետք է ներկայացվեն կուսակցության ծրագրերը, ուղղվածությունն ու անելիքները: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Է. Մարուքյանի կողմից ստեղծված «Լուսավոր Հայաստան»-ը դեկտեմբերին համագումարի է պատրաստվում:
«Լուսավոր Հայաստան»-ը տարածել էր իր 8-րդ տեսանյութը, որտեղ նշվում է, թե իրենք գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Եվրոպական Միության լիիրավ անդամակցությանը. «Մենք գիտակցում ենք, որ սա երկարատեւ գործընթաց է, հետեւաբար լիիրավ անդամակցության եւ եվրոպական ընտանիքին միանալու առաջին քայլը պետք է կատարել այսօր»,- ասվում է տեսանյութում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու համար «Լուսավոր Հայաստանի» անելիքները համագումարից հետո:

-Պարո՛ն Մարուքյան, արդեն հայտնի է, որ այսօր տեղի է ունենալու «Լուսավոր Հայաստան»-ի առաջին համագումարը, որո՞նք են լինելու նորաստեղծ կուսակցության անելիքները:

-Երբ մենք հայտարարել էինք «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մասին, նշել էինք, որ նախաձեռնության հիմնական, գաղափարական հենքը կներկայացվի տեսանյութերի միջոցով: Ինչպես որ ասել էինք, այդպես էլ արվել է: Մենք արդեն հրապարակել ենք նաեւ Հայաստանի եվրոպական մոդելի երկիր լինելու մասին մեր տեսլականը: Ինչպես նաեւ արդեն լինելու է մեր հիմնադիր համագումարը, որի ժամանակ որոշում կկայացվի կուսակցության հիմնադրման մասին, կհաստատվի ծրագիրը, կանոնադրությունը, կընտրվի ղեկավար մարմին ու արդեն պաշտոնական մակարդակում, քանի որ մինչեւ այժմ ոչ ֆորմալ մակարդակում ենք գործել:

-Այս ժամանակահատվածում նաեւ հանդիպումներ եք ունեցել ՀՀ քաղաքացիների հետ, նրանց եք ներկայացրել Ձեր գաղափարախոսությունը, արդյո՞ք հանրությանը հետաքրքրում է այն, մի՞թե ժողովուրդը հետաքրքրվում է նոր կուսակցությունների ստեղծմամբ, ի վերջո, ՀՀ-ում մի քանի տասնյակից ավել կուսակցություններ կան:

-Այո՛, այս վերջին մի քանի ամիսների ընթացքում հանդիպումներ ունեցել ենք, այո՛, շատ լուրջ հետաքրքրություն կա, մենք ունենք նաեւ սոցիալական որոշակի հետազոտություններ, կարծիքներ այդ ամենի վերաբերյալ: Հայաստանում 30 տոկոս կայուն ընտրազանգված կա, որը կիսում է այն արժեքները, որոնք «Լուսավոր Հայաստան»-ի հիմնական գաղափարախոսական հենքն են լինելու: Այսինքն՝ մենք կարող ենք հստակ այդ 30 տոկոս ընտրազանգվածի վրա աշխատել ու մարդկանց հետ ամենօրյա բացատրական աշխատանքով այս ընտրազանգվածը մեծացնել:

-Քաղաքական դաշտում տեսակետ կա, որ Ձեր նախաձեռնությունում ընդգրկվել են հիմնականում երիտասարդներ, որոնք իրենց անփորձության պատճառով վստահություն չեն ներշնչում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում, չե՞ք կարծում, որ այդ նույն պատճառով Ձեզ թերահավատորեն կվերաբերվի նաեւ հանրությունը:

-Դա այդպես չի, մենք խոսում ենք սերնդափոխության մասին եւ ավելի արժեքային սերնդափոխության մասին է խոսքը, ոչ թե տարիքային: Երկրորդն էլ, այո՛, հիմնական թիմը ձեւավորված է երիտասարդ մարդկանցից, բայց մենք այս պահին մինչեւ 50 եւ դրանից բարձր տարիքի անդամներ ունենք, որոնք պետք է մասնակցեն մեր աշխատանքներին: Եթե մենք նայենք 1988 թվականի մեր ազգային զարթոնքի շարժմանը, մի հատ, խնդրում եմ նայեք մեր հերոսներին, օրինակ՝ Մովսես Գորգիսյանը քանի տարեկան է եղել այդ տարիներին: Այսինքն՝ տարիքային առումով ես զարմանում եմ, որ նման տեսակետներ են հնչում: Ես չեմ կարծում, թե վստահություն չի լիենու, քանի որ հանրության մոտ արդեն շատ հստակ, ձեւավորված պահանջարկ կա քաղաքական սերնդափոխության, մարդիկ արդեն հոգնել են այն դեմքերից, ովքեր 20-25 տարի ՀՀ-ի քաղաքական արենան զբաղեցնում են ու ազատելու մտադրություն չունեն:

-2017 թվականին Դուք մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ ակնկալիքներ ունեք, Ձեզ կհաջողվի՞ մուտք գործել խորհրդարան:

-Մենք հրապարակավ ասել ենք, որ թե՛ ՏԻՄ ընտրություններին, թե՛ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեր ակնկալիքը հետեւյալն է՝ ձեւավորել մի լուսավոր ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ներկայացնելու է արդեն իմ կողմից նշված 30 տոկոս ընտրողներին: Ու աշխատանքի արդյունքում միայն կերեւա, թե մենք որքանով կարողացանք այդ ընտրողների վստահությունը շահել, մենք գիտենք, որ այդքան ընտրող կա, որը կիսում է այդ արժեհամակարգը: Մենք հանդես ենք գալիս դասական քաղաքական մոտեցումներով ու գտնում ենք, որ բոլոր այն ուժերը, որոնք որ իշխանության հետ մաս չեն կազմում կառավարությանը եւ չունեն պորտֆելներ՝ իրենց ծրագրերը իրականացնելու համար, այդ բոլոր ուժերը ընդդիմադիր դաշտում են: Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք ընդդիմադիր քաղաքական միավոր ենք, որը որ ամեն ինչով ընդդիմադիր է ու չի կիսում գործող քաղաքական մեծամասնության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս