«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2015 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԸՀ-ն, անտեսելով խախտումների մասին ոչ կուսակցական դիտորդների և քաղաքական կուսակցություների բազմաթիվ արժանահավատ հաղորդումները, հաստատեց սահմանադրական հանրաքվեի կեղծված արդյունքները:
Հանրության տեսադաշտում հայտնված ընտրակեղծարարության փաստերը վկայում են, որ հանրաքվեի անաչառ անցկացմանը միջամտած անձինք, այդ թվում՝ հանձնաժողովների անդամները, ընտրախախտումները կատարել են ՀՀԿ-ի ընտրական շտաբների հովանու ներքո, բացահայտ կերպով՝ համոզված լինելով, որ անպատիժ են մնալու:
Հրապարակված փաստերը վկայում են նաև, որ իրավապահ մարմինները ընտրողների ազատ կամաարտահայտման խախտումների ժամանակ եղել են պասիվ դիտորդի դերում, իրենց նախաձեռնությամբ չեն կանխել ընտրախախտման գոնե մեկ դեպք և որևէ քայլ չեն կատարել նման խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ավելին՝ հանրաքվեի օրը ոստիկանությունը շրջափակել է ԿԸՀ-ի շենքը և ուժ գործադրելու սպառնալիքով թույլ չի տվել, որ «Նոր Հայաստան» ճակատի լիազոր ներկայացուցիչները մուտք գործեն այնտեղ և հենց այդ պահին տեղի ունեցող արդյունքների ամփոփման ընթացքում զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություները և բողոքը ներկայացնեն ԿԸՀ-ին:
Հաշվի առնելով այս ամենը, «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի համակարգմամբ և ուղղորդմամբ, իսկ դրա արդյունքները հաստատվել են նույն ՀՀԿ-ին ծառայող ԿԸՀ-ի ապօրինի որոշմամբ» :
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ